Ա. Աշոտյան. «Գիտական աստիճանաշնորհման համակարգը գնում է խստացման »

2014-02-05

Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհդի նիստ,  որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Ծրագրի խորհրդում ներգրավված երիտասարդ գիտնականները նախարարին են ներկայացրել նոր առաջարկներ՝  գիտական դրամաշնորհների մրցույթներում նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ: Մասնավորապես երիտասարդ գիտնականներն առաջարկ են ներկայացրել մրցութային հայտերի մեջ գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերման, ինչպես նաև  գիտական գրքերի հրատարակության պահանջ դնել:
ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ առաջարկն ընդունելի է որպես գիտական ծրագրի բաղադրիչ և իրականացման տարբերակները պետք է մշակվեն ՝հաշվի առնելով օրենսդրության պահանջները: Արմեն Աշոտյանը հանձնարարել է՝ գիտական գրքերի հրատարակման մրցույթներում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ անպայման ներառել նաև Հայոց ցեղասպանության  մասին գիտական ուսումնասիրություններ: Կարևորվել է  նաև գիտական խմբերի միջև համագործակցության խթանման նպատակով  համատեղ ծրագրային մրցույթների կազմակերպումը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտական համաժողովների մասնակցությանը, ցիտման բարձր ինդեքս ունեցող միջազգային գիտական ամսագրերում տպագրմանն ու ԵԳԱԾ կայքի զարգացմանն առնչվող հարցերի:     
  ՀՀ ԿԳ նախարար   Ա. Աշոտյանը խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է երիտասարդ գիտնականերին, որ նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն այժմ սկսել է գիտական աստիճանաշնորհման կարգի փոփոխության գործընթաց և ակնկալում է նաև ծրագրի շահառուների առաջարկություններն ու դիտողությունները:
«Մենք հիմա սկսում ենք գիտական աստիճանաշնորհման համակարգի փոփոխություններ և խնդրում եմ ուղարկել Ձեր առաջարկություններն ու դիտողությունները՝ գործող կարգի վերաբերյալ: Մեր քաղաքականությունը միտված է գիտական աստիճանաշնորհման  համակարգը տանել դեպի խստացում, միաժամանակ հստակեցնել թեկնածուական և դոկտորական աշխատանքների պահանջները, որպեսզի մասնագիտական խորհուրդները և ԲՈՀ-ը հանդես գան ավելի շատ որպես «օպերացիոն», քան որոշում կայացնող մարմիններ: Որակի չափանիշները պետք է փորձենք դնել անկախ մարմինների վրա, որոնց գնահատականը պետք է լինի չափելի: Այն ասպիրանտը, ով կունենա թեկնածու դառնալու ցանկություն, գալով խորհուրդ, պետք է հստակ ապահովի սահմանված պահանջները և անցնի  այնպիսի ճանապարհ, որպեսզի որևէ մեկի մտքով   անգամ չանցնի վիճարկել գիտական աշխատանքի որակը»,- դիմելով ներկաներին ասել է նախարար Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ խստացվել են նաև ԲՈՀ-ի ցանկում ներառվող գիտական ամսագրերի համար սահմանված չափանիշները: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։