Նախարար Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի բուհերում
2014-02-01
Հայկական պատվիրակությունը հանդիպել են նաև Թբիլիսիի պետական համալսարանում սովորող հայ և վրացի ուսանողների հետ: Նախարարը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են կրթաթոշակային ծրագրերին, Վրաստանում հայկական դպրոցների վիճակին, հայոց լեզվի ու հայոց պատմության դասաժամերին: Նախարարն ուսանողներին տեղեկացրել է, որ հայ համայնքի խնդիրները եղել են Վրաստանի կրթության և գիտության նախարար Թ. Սանիկիձեի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման օրակարգում և ներկայացրել է որոշ մանրամասներ այդ հարցերի հետ կապված:
Հայկական պատվիրակությանն հանդիպում է ունեցել նաև Վրաստանի Սփյուռքի նախարար Կ Սուրգուլաձեի հետ: Նա ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և ընդգծել, որ վարացական կողմին հետաքրքիր է այն մեծ փորձը, որն ունի Հայաստանն այդ ոլորտում: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է կրթության ոլորտում Սփյուռքի հետ իրականացվող աշխատանքները, մասնավորապես անդրադարձ կատարլով սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, հայագիտական և գաղթօջախների կարիքները բավարարելու համար տրամադրվող կրթաթոշակային, համահայկական օլմպիադաների կազմակերպման ծրագրերին:
Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Իլիայի պետական համալսարան, որտեղ համալսարանի աշխատակազմի ղեկավար Զ. Ջավախիշվիլին և Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանը ստորագրել են երկու բուհերի միջև համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման և գիտաժողովների կազմակերպման հեռանկարներ: ՀՊՄՀ ռեկտոր Ռ. Միրզախանյանը, որպես համաձայնագրից բխող առաջին գործնական քայլ, պատրաստակամություն է հայտնել բուհի կողմից կազմակերպվող ուսանողական ամառային դպրոցում ընդգրկել նաև Իլիայի համալսարանի ուսանողներին: