Կայացել է Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարների պաշտոնական հանդիպումը

2014-01-31

Թբիլիսիում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Հ. Մանուկյանը: Վրաստանի ԿԳ նախարար տիկին Թ. Սանիկիձեն, ողջունելով պատվիրակությանը, հույս է հայտնել, որ հանդիպումները կանցնեն ոչ միայն ջերմ մթնոլորտում, այլև կլինեն արդյունվետ ու հեռանկարային:
  Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Գ. Շարվաշիձեն. իր խոսքում ներկայացնելով Վրաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվող գործընթացները. միաժամանակ ընդգծել է, որ Բոլոնիայի գործընթացի շրջանակում Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել, որի վառ ապացույցը կարելի համարել նաև Հայաստանի կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձնումը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. շնորհակալություն հայտնելով հրավերքի և ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է արտահայտել ինչպես պաշտոնական, այնպես էլ աշխատանքային կարգով վրացական կողմին տրամադրել տեղեկատվություն Բոլոնիայի գործընթացի շրջանակում հայկական կողմի կուտակած փորձի վերաբերյալ: Կողմերը քննարկել են ինչպես երկկողմ կրթական ծրագրեր իրականացնելու, այնպես համատեղ միջազգային ծրագրերին մասնակցելու հնարավորությունները: Քննարկվել է նաև հայկական և վրացական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հորիզոնական կապերի ամրապնդման, պրոֆեսորադասախոաական կազմերի և ուսանողների փոխանակման, համատեղ գիտական կոնֆերանսների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը վրաց գործընկերների առջև բարձրացրել է նաև Վրաստանում ապրող մեր հայրենակիցների կրթության իրավունքի ապահովման հետ կապված մի քանի խնդիրներ, մասնավորապես. նախարարը նշել է Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի և հայոց պատմության դասաժամերի խնդիրը: Նախարար Թ. Սանիկիձեն մեկ անգամ ևս հավաստել է, որ հայկական դպրոցներն ազատ են` իրենց հավելյալ դասժամերը տրամադրել հայոց լեզվի և հայոց պատմության դասընթացների կազմակերպմանը, և Վրաստանի ԿԳ նախարարությունն այդ ազատությունը երաշխավորել է : Նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձել է նաև հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման գործընթացին` նշելով որ երեք տարի շարունակ Վրաստանում կազմակերպվում է այդ գործընթացը, որի ֆինանսավորման կեսն իրականացնում է ՀՀ ԿԳՆ-ն: Նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նույն պայմաններով վերապատրաստումների կազմակերպումը: Տիկին նախարարը նշել է, որ Վրաստանի ԿԳՆ-ն այժմ վերանայում է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը հանրապետությունում, և Հայաստանի նախարարի առաջարկը լիովին համահունչ է իրականացվող գործընթացի սկզբունքներին: Արմեն Աշոտյանն անդարադարձել է նաև հայկական դպրոցներում օգտագործվող դասագրքերի թարգմանության խնդրին` նշելով մի քանի օրինակներ, որոնք օբյեկտիվորեն աշակերտների և ուսուցիչների շրջանում դժգոհություն են առաջացնում: Միաժամանակ նախարարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է շատ կարճ ժամկետներում և անվճար իրականացնել այդ դասագրքերի խմբագրական աշխատանքները: Տիկին Սանիկիձեն իր հերթին նշել է, որ Վրաստանում մեկնարկել է բոլոր դասագրքերի վերանայման գործընթաց և նախարարի առաջարկը կդիտարկվի այդ գործընթացի համատեքստում: ՀՀ ԿԳ նախարարն անդրադարձել է նաև Վրաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների երեխաների կրթության իրավունքի իրականացման խնդրին, մասնավորապես, անվճար հանրակրթություն ստանալու հետ կապված: Այս խնդրի վերաբերյալ տիկին նախարարը նշել է, որ դա ընդհանրական խնդիր է և վերաբերում է բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, ուստի ԿԳ նախարարությունը իրավասու չէ այդ հարցում որևէ որոշում կայացնել: Նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է վրացական կողմին` կազմակերպել փորձագետների ամենամյա համաժողով, որի օրակարգում կլինի ինչպես համագործակցային ծրագրերի արագ քննարկման, այնպես էլ ի հայտ եկած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու հարցերը: Ամփոփելով խոսքը` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայկական համայնքի հետ հանդիպումների ընթացքում հավաստիացրել էր , որ մեր հայրենակիցների բարձրացրած խնդիրները կլինեն նոր իշխանությունների օրակարգում: Ուստի մեր կողմից ներկայացված խնդիրները նաև Վրաստանի գործադիր իշխանության ծրագրերի շրջանակում են: Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն իր վրաց գործընկերոջը հրավիրել է պատասխան այցով լինել Հայաստանում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։