Գործարկվել է դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգը

2014-01-20

Հունվարի 18-ին տեղի է ունեցել դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսը, որտեղ ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները:
Բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը,
կարևորելով  վարկանիշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ նպատակը հանրությանը արժանահավատ տեղեկատվության տրամադրումն է: «Համակարգը նպատակ ունի ոչ թե  խրախուսել կամ պատժել, այլ աշակերտներին, նրանց ծնողներին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ամփոփ ու արժանահավատ տեղեկատվության տրամադրել ուսումնական հաստատությունների հաջողությունների ու անհաջողությունների, ձեռքբերումների ու թերացումների մասին:
 Տարիներ առաջ, երբ խոսք էր գնում ուսումնական հաստատությունների վարկանիշավորման մասին և շեշտվում էր, որ որակը պետք է չափագրվի օբյեկտիվ չափանիշներով, քչերն էին հավատում, որ մենք կարող ենք դառնալ  աշխարհի այն երկրներից  մեկը, որը կունենա ազգային վարկանիշավորման  համակարգ: Խնդիրը, որ դրել ենք մեր առջև` կրթության որակի հետևողական բարձրացումն է՝ մրցակցային օբյեկտիվ միջավայրի ստեղծմամբ: Փորձելու ենք լուծել նաև ախտորոշման խնդիրը. պետք է հասկանալ, թե հանրակրթական համակարգում որ օղակներն են թույլ, որ ուղղություններն են վտանգված, որոնք ունեն այս կամ այն չափանիշով լրացուցիչ աջակցման կարիք: Ինչու ոչ, խրախուսելով դրական արդյուքներ ունեցողներին, սահմանել առաջնահերթություններ դժվարություններ ունեցող ուսումնական հաստատությունների հանդեպ, որպեսզի բարելավվեն նաև նրանց ցուցանիշները»,- նշել է Արմեն Աշոտյանը` ընդծելով, որ  հանրակրթական դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի ներդրումը փորձնական փուլից թևակոխում է կայուն գործածության փուլ: Նախարարի խոսքով անաչառ և մասնագիտացված գնահատականները կարող են առողջ քննադատություն ապահովել, ինչի  շնորհիվ հնարավոր կլինի ազգային վարկանիշավորման համակարգը փորձնականից վերածել կայուն և արժանահավատ մեթոդաբանության, որն առավել հարմարեցված կլինի Հայաստանի կրթական համակարգի ավանդույթներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը ներկայացրել է դպրոցների վարկանիշավորման համակարգի գործառնության մեթոդաբանությունը՝ նշելով, որ այն համակարգը մշակման հիմքում միջազգային փորձն է հաշվի առնվել: «Դպրոցների համեմատության օբյեկտիվությունն ապահովելու համար դպրոցները խմբավորվել են.  ըստ կազմակերպաիրավական ձևի՝ պետական և ոչ պետական, ըստ աշխարհագրական դիրքի ՝քաղաքային և գյուղական,  ըստ կրթական ծրագրի աստիճանի՝ հիմնական հանրակրթական և ավագ, ըստ սովորողների թվի՝ մեծ, միջին և փոքր: Բացառությամբ տարրական և հատուկ դպրոցների, ըստ մշակված հարցաթերթերի, ՀՀ բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատություներից հավաքագրվել է անհրաժեշտ տեղեկատվությունը»,- նշել է Կարինե Հարությունյանը և հավելել, որ տվյալների մուտքագրումից հետո ըստ տարբեր չափանիշների համակարգն ինքն է որոշում լավագույն կրթական հաստությունը:
Նախարարի տեղակալի խոսքով`  վարկանիշավորման համակարգն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, քանի որ դպրոցների վարկանիշավորման և ցուցանիշների հրապարակման արդյունքում, ինչպես ցույց է տալիս փորձը, որոշակի բևեռացվածություն է առաջացնում, ինչից պետք է խուսափել:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է համակարգի փորձնական տվյալները.  «Մեկ ամսվա ընթացքում հավաքվել է ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվությունը ու կազմվել վարկանիշները` հինգ տասնյակին մոտ ցուցանիշների հիման վրա: Վարկանիշավորման համակարգը ներկայացված է առանձին ինտերնետային կայքում, որտեղ շահառուները հնարավորություն ունեն ցանկացած ցուցանիշով ստանալ դպրոցների վարկանիշավորման իրենց նախընտրած սանդղակը:  schoolrate.armedu.am կայքն  արդեն հասանելի կլինի հունվարի 20-ից: Կայքում տեղակայված է դպրոցների ընդհանուր վարկանիշը, գործում են «Աշակերտների ուսումնառություն», «Ուսուցիչներ», «Դպրոցի ակտիվություն», «Կառավարման արդյունավետություն» բաժինները: Հնարավոր է դպրոցների վարկանիշավորումը ստանալ` ըստ մեկ չափանիշի` ընտրելով 49 ցուցանիշներից յուրաքանչյուրը»,- տեղեկացրել է Ա. Պողոսյանը:
Վարկանշավորման համակարգը առաջին անգամ փորձարկվել է   2013թ-ին , որի արդյունքում իրականացվել են մի շարք փոփոխություններ մեթոդաբանության մեջ: Ծրագիրը դեռևս փորձնական է, փոխությունները կշարունակվեն՝ նպատակ ունենալով  ձևավորել դպրոցների դասակարգման և վարկանիշավորման հուսալի, համարժեք չափանիշների և գնահատելի ցուցանիշների համախումբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։