Խոսք հիշատակի

2014-01-09

Խոր վշտով տեղեկացանք Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան մասին:
Անժամանակ ընդհատված ամեն մի կյանք մեծագույն ողբերգություն է, առավել ևս մարդու, ում վստահված է բնագավառի ապագան երաշխավորելու բարդ ու պատասխանատու գործը: Նրան սիրում էին ուսանողներն ու ընկերները, նա այն եզակի արվեստագետներից էր, ով չէր վարանում ծայրահեղ վիճակներից, փորձարարությունից ու ձախողումներից, փնտրում և գտնում էր օժտված մարդկանց ու տալիս աշխատելու հնարավորություն: Երիտասարդ սերնդի համակրանքը նախ և առաջ այս հատկանիշներով էր պայմանավորված: Արմեն Մազմանյանը զգում էր իր ժամանակը, գիտակցում արմատական բարեփոխումների անհրաժեշտությունը և հետևողական քայլերով իրականացնում դրանք՝ ըստ իր համոզմունքների ու ըմբռնումների:
 Նրա հետ կարող էին չհամաձայնել, հաճախ բանավիճել, բայց Մազմանյանն ընտրել էր մի ուղի, որը պահանջում էր մշտապես լինել հասարակական ուշադրության կենտրոնում, շարժել հանրային կարծիքը՝ չլինելով երբեք անտարբեր կամ չեզոք:
Արմեն Աղասու Մազմանյանը ծնվել է 1960 թ., Երևանում: 1978-83 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում: Որոնող  բնավորությունը և ստեղծագործ խառնվածքը նրան մղում են կազմակերպչական գործունեության, ու նա մեկը մյուսի հետևից հիմնադրում է  «Գոյ»  թատրոն-լաբորատորիան,  «Գոյակ»  Մշակույթի զարգացման գործարարական ընկերակցությունը,  «Ազատ արվեստի ակումբը»,  «Հայարտ»,  «Ազատ թատրոն»  նախագծերը, ակտիվորեն մասնակցում  «Ազգային թատերական ստեղծագործական միավորում»  ՀԿ-ի հիմնադրման աշխատանքներին:
Ա. Մազմանյանը բեմադրել է տասնյակից ավելի պիեսներ, այդ թվում՝ Վ. Շեքսպիրի  «Ռոմեո և Ջուլիետը»  (1987), Լ. Պիրանդելլոյի  «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս»  (1989),  «Նժդեհյան ընթերցումները»  (2002), Գ.Նժդեհի  «Հայաստան և ճշմարտությունը»  (2004), Ալ. Գրիբոյեդովի  «Խելքից պատուհասը»  (2005), Պ. Վայսի  «Մարատ-Սադը» (2009), Տ. Գուերայի  «Մեղրը կամ յոթ ուղերձ նահանգապետին»  (2010): Նրա արտիստական խառնվածքը դրսևորվել է նաև բեմում և կինոյում (Համլետ, դերեր Մ.Դովլաթյանի  « Ընտրություն», Տ.Քյոսայանի  «Տղամարդկային գործ»  ֆիլմերում): Ա. Մազմանյանը եղել է նաև բազմաթիվ միջոցառումների, ցուցահանդեսների, հեռուստաշոուների և փառատոների հեղինակ, բեմադրիչ ու պրոդյուսեր:
Լինելով Արցախյան ազատամարտի մասնակից՝  «Մուշ»  զորամիավորման հրամանատար, նա հետագայում էլ ամուր է պահել իր կապը ՀՀ Զինված ուժերի հետ՝ այս անգամ գործի դնելով իր մասնագիտական կարողությունները և հանդես գալով որպես հայոց բանակին առնչվող նշանակալից միջոցառումների, տոնական հանդիսությունների կազմակերպիչ ու բեմադրող:
Արմեն Մազմանյանի կյանքի բեկումնային իրադարձություններից էր 2011 թ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելը: Նրա ղեկավարության օրոք արդիականացվում է տեխնիկական համակարգը, տեղի են ունենում կադրային և կառուցվածքային փոփոխություններ, ընդլայնվում են բուհի միջազգային համագործակցության շրջանակները, հիմք է դրվում կինոռեժիսորների բարձրագույն կուրսերին, հեղինակավոր արվեստագետների մասնակցությամբ կազմակերպվում են վարպետության դասեր ու վերապատրաստման դասընթացներ, որոնք հնարավորություն տվեցին ուսանողներին՝ ներկայացնել իրենց գործերը նաև արտերկրում:
Ընդամենն ամիսներ էին մնացել ԵԹԿՊԻ-ի 70-ամյա հոբելյանին, որը, ըստ Մազմանյանի մտահղացման, պետք է իմաստավորվեր երկու կարևորագույն իրադարձությամբ՝ Թատերական դպրոցների ռեկտորների միջազգային կոնֆերանսով և Թատերական դպրոցների միջազգային փառատոնով, բայց ավաղ… 
Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Արմեն Մազմանյանի ընտանիքի անդամներին, ընկերներին և արվեստակիցներին: Համբերություն և մխիթարանք:

Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողով

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։