«Իթվինինգ պլյուս» ծրագիրը՝ Հայաստանի դպրոցներում

2013-12-25

Տեղի է ունեցել «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի ընթացքը և զարգացման հեռանկարները:  Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տիգրան Սահակյանը նշել է, որ  նման ծրագրերի մուտքը հայաստանյան հանրակրթական դպրոցներ շատ կարևոր է. վստահաբար, այն սկիզբ կդնի կրթական նոր ծրագրերի:
«Ի դեմս նմանօրինակ այլ ծրագրերի մեկնարկի՝ ականատես ենք լինելու ձնագնդի էֆեկտի»,- նշել է Տ. Սահակյանը՝  հույս հայտնելով, որ կրթական այս ծրագիրն իրականացվել է իր ողջ ծավալով:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանն էլ իր հերթին նշել է, որ հաջորդ տարի ծրագրի ծավալները մեծանալու են և փորձ է արվելու դրանում նոր դպրոցներ ներառել: «Մեր նպատակն է, որպեսզի ծրագրին մասնակից դառնան Հայաստանի բոլոր դպրոցները՝ հատկապես, որ տարածաշրջանում մեր երկիրն այս ծրագրում ամենալավ ցուցանիշներն է ցուցաբերել: Վստահ եմ, որ հաջորդ և գալիք մյուս տարիներին մասնակցելու ենք «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրին և ունենալու ենք նորանոր հաջողություններ»,-ընդգծել է Ա. Պողոսյանը: Ծրագրի առաջին փուլում ընտրվել են հայաստանյան 21 դպրոց և 200 ուսուցիչ: Մյուս տարի ծրագրվում է ներառել 80 դպրոց և 400 ուսուցիչ: Նշենք, որ Իթվինինգը եվրոպական երկրների դպրոցների համար նախատեսված համագործակցության միջավայր է, որը դպրոցների ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս հաղորդակցվել, մշակել և իրականացնել համատեղ ծրագրեր, կատարել փորձի փոխանակում, կիսվել գաղափարներով: Իթվինինգը հիմնադրվել է 2005 թվականին՝ որպես Եվրահանձնաժողովի էլեկտրոնային կրթության ծրագրի հիմնական ծրագիր:
Հայաստանն «Իթվինինգ պլյուս» ծրագրին անդամակցում է 2013 թվականի հունվարի 1-ից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։