Նախարար Արմեն Աշոտյանի հաշվետու ասուլիսը. ոչ մի պետական ծրագիր կրթության ոլորտում չի ձախողվել

2013-12-20

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Մատենադարանում ամփոփել է ընթացիկ տարվա նախարարության հաշվետվությունը: Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգի համար, անկախություն ձեռք բերելուց ի վեր, որևէ տարի հեշտ չի եղել. անցած տարիներից յուրաքանչյուրը համակարգի առաջ նոր մարտահրավերներ է դրել: Ըստ նախարարի` այս տարի ավարտվում է հետճգնաժամային տարիների շարքը, և 2014 թվականին կարելի է ակնկալել ավելի շատ ձեռքբերումներ` այդ թվում նաև բյուջետային հատկացումների առումով:
Ամփոփելով ընթացիկ տարին` Արմեն Աշոտյանը նշել է հինգ կարևորագույն ձեռքբերումներ: Նախ, ընթացիկ տարվա ընթացքում մշակվել և կյանքի է կոչվել ուսանողների սոցիալական պաշտպանության նոր ծրագիրը, որն ուսանողներին հնարավորություն կտա պետությունից ստանալ հավելյալ աջակցություն:
Երկրորդ ձեռքբերումը, ըստ Արմեն Աշոտյանի, կրթության համակարգի միջազգայնացումն է: Այդ կապակցությամբ նախարարն առանձնացրել է Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովը: Միջազգայնացման շրջանակներում մյուս կարևոր ձեռքբերումը ՀՀ բուհերի՝ այս տարի աննախադեպ քանակությամբ եվրոպական ծրագրերի մասնակցելն ու շահելն է, այդ թվում՝ 18 ՏԵՄՊՈՒՍ ծրագիր: Երրորդ կարևոր ձեռքբերումը, ըստ Արմեն Աշոտյանի, բուհական ենթակառուցվածքների արդիականացումն ու զարգացումն է: Այս համատեքստում նախարարը  կարևորել է ՀՊՃՀ-ում Ազգային ճարտարագիտական լաբորատորիայի հիմնումը, որն ամրագրված էր նաև ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրում: Որպես չորրորդ ձեռքբերում նշվել է այն փաստը, որ պետությունը նախակրթարանների ստեղծումը դիտարկում է որպես գերակա ուղղություն. 73 նախակրթարանների բացում բոլոր մարզերում և Երևանում: Նախարարի խոսքով` ևս 1800 երեխա այդպիսով նախադպրոցական կրթության հնարավորություն է ստացել: Եվ, վերջապես, հինգերորդ ձեռքբերումը, ըստ նախարարի, այն է, որ Հայաստանը, լինելով Բոլոնիայի քարտուղարարության ղեկավարությունը ստանձնած երկիր, կարողացել է իր վրա դրված բոլոր պարտավորությունները փայլուն իրականացնել: Անդրադառնալով հանրակրթության ոլորտում իրականացված գործընթացներին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ 2013 թվականին առաջին անգամ հաստատվել և կյանքի է կոչվել դպրոցների վարկանիշային համակարգը, որի արդյունքները կներկայացվեն հաջորդ տարի: Բացի այդ, այս տարի ավարտվել է «Շախմատ» առարկայի ներդրման ծրագիրը. շախմատի դասընթացներ են անցկացվում նաև չորրորդ դասարաններում:
«Միջազգային օլիմպիադաներից հայ դպրոցականները վերադարձել են տասնհինգ մեդալով, ինչը նշանակում է, որ մեր երեխաների՝ նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշը /16 մեդալ/ պատահական հաջողություն չէր, այլ կայուն հիմքերի վրա դրված գործընթացի արդյունք: Մենք ակնկալում է, որ 2014 թվականին մեդալների թիվը կմեծանա»,-նշել է Ա. Աշոտյանը: Վերջինիս փոխանցմամբ` Հայաստանում ներկայումս գործում է ներառական կրթություն իրականացնող 117 դպրոց: Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտին` նախարարն ընդգծել է, որ 845 ուսանող «Փարոս» ծրագրով պետության կողմից ստանում է աջակցություն՝ ուսման վարձի տեսքով: «Ներդրվել է մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը, և այն բուհերը, որոնք կհրաժարվեն տրամադրել տեղեկություններ այս համակարգին, կզրկեն լիցենզիայից»,-հայտնել է նախարարը՝ հավելելով, որ այս տարի 4 մասնավոր բուհերի լիցենզիա կասեցվել է, 9 բուհի տրվել է նախազգուշացումÖ‰ Նախարարությունը 160 զանգ է ստացել «Թեժ գծին» և 25000 գրություն: Անդրադառնալով գիտության ոլորտին` Արմեն Աշոտյանը նշել է, որ այս տարի ընտրվել են Հայաստանի 100 լավագույն գիտնականները, ովքեր ամսական 135000 դրամ հավելավճար կստանան: Նախարարի խոսքով`  խստացվել է ատենախոսությունների պաշտպանությունը և գիտական աստիճանների շնորհումը: Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք ոլորտում արձանագրվել են խնդիրներ, նախարարը նշել է, որ ոչ մի պետական ծրագիր կրթության ոլորտում չի ձախողվել, սակայն իրականացվող ծրագրերի տեմպը և խորությունը միշտ չէ, որ բավարարում է: Ըստ Արմեն Աշոտյանի՝ դեռևս խնդիր է նաև կրթության որակի, հանրային ընկալման հարցը, համակարգում աշխատող մարդկանց իներցիոն ընկալումը, քանի որ ցանկացած նախաձեռնություն դժվար է կյանքի կոչվումÖ‰ Ասուլիսի ավարտին նախարարը, շնորհավորելով ներկաներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ կրթության ու գիտության ոլորտում իրականացվող քաղաքականության հանրայնացման և հասարակական կարծիքի ձևավորման համար:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։