Ա. Աշոտյան. ՀԲ-ն Հայաստանի կրթական համակարգի ամենակարևոր գործընկերներից է
2013-12-12
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակում Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական և Օուլուի համալսարանների կողմից կազմակերպված գիտաժողովին: Ողջունելով մասնակիցներին` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում մի շարք բարեփոխումներ են իրականացվել:
«Մանկավարժական համալսարանի և Օուլուի համալսարանների միջև իրականցվող համագործակցային ծրագիրը, այդ շարքում հաջողվածներից է: Սակայն մենք ակնկալում ենք, որ մշակված ծրագիրը պետք է կյանքի կոչվի և դառնա կրթական ոլորտի յուրաքանչյուր մասնակցի սեփականությունը և ոչ թե սոսկ ՀԲ-ի վարկային ծրագրի հաշվետվությունը: Սա նոր բովանադկություն է, որը պետք է սկիզբ դնի եվրոպական կրթության որակի և չափանիշների, դասավանդման ժամանակակից մեթոդաբանության ու գործիքների ներդրմանը Հայաստանի բուհերում»,- իր խոսքում նշել է նախարարը` հույս հայտնելով, որ հայ-ֆիննական համագործակցությունը կրթության ոլորտում կլինի շարունակական: Նախարար Ա. Աշոտյանը նաև հատուկ շեշտել է, որ Համաշխարհային բանկը վերջին 20 տարվա ընթացքում լուրջ աջակցություն է ցուցաբերել ՀՀ կրթական համակարգում սկիզբ առած փոփոխություններին: «ՀԲ-ն Հայաստանի կրթական համակարգի ամենակարևոր գործընկերներից է, որի հետ աշխատանքն արդյունավետ է եղել: Մեզ հաջողվել է համատեղ գտնել խնդիրները, տալ համապատասխան ախտորոշում և ներգրավել համաշխարհային լավագույն մասնագետներին` լուծման համար: Ես կարծում եմ, որ ՀԲ-ի հետ համագործակցության այս ձևաչափը շարունակելու ենք նաև հետագա տարիներին»,- նշել է նախարարը` հավելելով, որ նախապատրաստվում է ՀԲ-ի հետ նոր վարկային ծրագիր: Նախարարը նշել է, որ նոր վարկային ծրագիրը կյանքի կկոչվի 2014-18 թվականներին, նախնական բանակցային աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև ՀԲ ներկակայացուցիչ Քրիստիան Այդեն և Օուլուի համալսարանի ռեկտոր Լաուրի Լայյունեն: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշել է, որ համագործակցությունը շահեկան է եղել ինչպես մանկավարժական, այնպես էլ Օուլուի համալսարանի համար: Եռամյա ծրագրի արդյունքում մանկավարժական համալսարանում ներդրվել է ուսանողական մասնագիտական պրակտիկայի կազմակերպման նոր մոդել:
Համաժողովի ընթացքում Օուլուի համալսարանի ռեկտոր Լ. Լայյունեն` կրթական արդյունավետ համագործակցության համար ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանին հանձնել է Օուլուի համալսարանի շքանաշան: