Ա. Աշոտյանը Բրատիսլավայի Կոմենսկու անվան պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ
2013-12-06
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայի Հանրապետությունում, այցելել է Բրատիսլավայի Կոմենսկու անվան պետական համալսարան, ծանոթացել համալսարանի կառուցվածքին և մասնագիտություններին, հանդիպել բուհի ղեկավարությանը և քննարկել հայաստանյան բուհերի հետ համագործակցության հնարավորությունը:
Ընդգծելով, որ սլովակյան կողմի հետ համաձայնություն է ձեռքբերվել ընդլայնել գիտակրթական համագործակցությունը՝ նախարարը նշել է, որ համալսարանը կարող է միջբուհական հարթակի վրա համագործակցել ՀՀ բուհերի հետ ինչպես բժշկական, այնպես էլ հումանիտար մասնագիտությունների ուղղությամբ: Այնուհետև Արմեն Աշոտյանը հանդիպել է համալսարանի ուսանողության հետ և հանդես եկել դասախոսություն -զեկույցով: Նախարարը նախ անդրադարձ է կատարել հայ ժողովրդի պատմությանը և նրա դերին՝ համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում, ապա ներկայացրել ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն ու դրանց դիմակայման գործում ազգային կրթության դերը: Ա. Աշոտյանը անդրադարձել է նաև Բոլոնիայի գործընթացի շրջանակում հայ-սլովակյան գիտակրթական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, որոնց հիմքերն այսօր արդեն առկա են: Նախարարը պատասխանել է նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, այնպես էլ կրթության որակին, աշխատանքային և կրթական միգրացիային, ուսանողների սոցիալական պաշտպանվածությանը և այլ հարցերի:
Այնուհետև ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաև Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տ. Սեյրանյանը հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին կյանքի սոցիալ-տնտեսական իրավիճակին, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով հայ համայնքի խնդիրներին՝ Ա. Աշոտյանը խոստացել է աջակցել Բրատիսլավայում հայկական դպրոց բացելու նախաձեռնությանը, որտեղ կուսուցանվեն հայոց լեզու, հայոց պատմություն և մշակույթ: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է դպրոցն ապահովել դասագրքերով և ուսումնամեթոդական նյութերով, ինչպես նաև կազմակերպել ուսուցիչների վերապատրաստում: Արմեն Աշոտյանը նաև պատրաստակամություն է հայտնել խնդիրը բարձրացնել իր սլովակ գործընկերոջ մոտ՝ առաջարկելով որոշակի աջակցություն ցուցաբերել հայ համայնքի նախաձեռնության իրականացմանը:
ՀՀ ԿԳ նախարարն ու դեսպանն այցելել ու ծաղիկներ են դրել Բրատիսլավայում գտնվող Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար- հուշակոթողին: