Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Սլովակիայի գյուղատնտեսական բուհերի միջև
2013-12-04
Մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության այցը Սլովակիայի Հանրապետություն: Պատվիրակության առաջին հանդիպումը Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի հետ էր: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը Սլովակիայում է` այս երկրի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հրավերով: Արմեն Աշոտյանի խոսքով` այցի նպատակը գիտակրթական ոլորտում միջպետական համագործակցության զարգացումն է. բացի այդ, ըստ նախարարի` հայկական կողմի համար առաջնային է` ընդլայնել միջբուհական համագործակցությունը:
«Ես ուրախ եմ, որ երկու բուհերը` Հայաստանի ազգային ագրարային համալսարանը /հիմնադրամ/ և Նիտրայի գյուղատնտեսական համալսարանը, արդեն կուտակել են համագործակցության մեծ փորձ, և այսօր մենք ներկա ենք այդ համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման գործընթացին: ՀՀ կառավարության գերակայության շրջանակում է գյուղատնտեսության զարգացումը, և այդ համատեքստում գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացումը մենք դիտարկում ենք` որպես լավագույն ներդրում ոլորտում»,-նշել է Ա. Աշոտյանը: Անդրադառնալով Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին` նախարարը նշել է, որ մինչև 2015 թվականը Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը, որը, ըստ Ա. Աշոտյանի, մեկ անգամ ևս ընդգծում է կրթական բարեփոխումներում եվրոպական գործընկերների վստահության արտահայտումը: Ողջունելով հյուրերին` բուհի ռեկտոր Պիտեր Բելիկը հույս է հայտնել, որ այսուհետ ևս գիտակրթական ոլորտում Հայաստանի և Սլովակիայի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը կպահպանվի և կզարգանա: Հանդիպման ընթացքում Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրել են շնորհանդես` բուհի գիտակրթական պոտենցիալի, կառուցվածքի, ծրագրերի և հեռանկարների վերաբերյալ: Հանդիպման ավարտին երկու բուհերի ռեկտորները ստորագրել են փոխըմռնման հուշագիր, որը նախատեսում է ուսանողների և դասախոսների փոխանակում, ընդհանուր ծրագրերի իրականացում, ինչպես նաև փորձի փոխանակում: Նշվել է, որ Նիտրայի գյուղատնտեսական համալսարանը վերջերս է միջազգային հավատարմագրում անցել. այդ կապակցությամբ բուհի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել` իրենց աջակցությունը ցուցաբերել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին` վերոնշյալ գործընթացում:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտները, ովքեր հետազոտական ծրագրեր են իրականացնում Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում: