Ա. Աշոտյան. Պետությունը հիմնական կրթության հիմքով կապահովի անվճար կրթություն` քոլեջներում և ուսումնարաններում

2013-12-03

Մասնագիտական կրթության ոլորտում միասնական քաղաքականություն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության` դեռևս 2011 թվականի որոշմամբ բոլոր ճյուղային ուղղվածության միջին մասնագիտական կրթական հաստատությունները պետք է գործեն ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ: Այս գործընթացն արդեն ավարտվել է. վերջին ճյուղային կրթական հասատատությունները, որոնք  2013 թվականից փոխանցվել են ԿԳՆ ենթակայության տակ, առողջապահական համակարգի միջին մասնագիտական կրթական հաստատություններն են: 
Բժշկական քոլեջներում  առկա խնդիրներն ու միասնական կրթական քաղաքականությանն առնչվող հարցերը  քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել  առողջապահական քոլեջների  տնօրենների հետ:
Դիմելով կրթական հաստատությունների տնօրեններին` նախարար Ա. Աշոտյանը շեշտել է, որ իբրև նախարար` իր հիմնական պահանջը որակյալ կրթության ապահովումն է. «Իմ առաջին հորդորն ու պահանջն աշխատանքային պարտաճանաչությունն է. շատ կարևոր է, որ կրթական հաստատություններում պաշտպանված լինեն ուսանողների իրավունքները, աշխատակազմերի հետ հարբերությունները  կարգավորվեն Աշխատանքային օրենսգրքի սահմաններում: Ամենակարևոր խնդիրը կրթության որակի հարցն է: ՄԿՈՒ համակարգում հետևողական բարեփոխումներ են  իրականացվել: Ես ակնկալում եմ միասնական առաջարկություններ, որոնք կարող են նպաստել միասնական  քաղաքականությանը»,-նշել է նախարարն ու հավելել, որ մարզային բժշկական  քոլեջներում իր ունեցած հանդիպումների ժամանակ  հարց է բարձրացվել` կրթական ծրագրերում փոփոխություններ կատարելու, ուսումնական գրականության և այլ խնդիրների հետ կապված:  Նախարարն իր խոսքում կարևորել է նաև մանկավարժական կադրերի վերապատրաստման, շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման  հարցերը: Ա. Աշոտյանը նշել է նաև, որ նախարարության կողմից, հաշվի առնելով  մասնագիտական խնդիրները, միջազգային գործընկեր կառույցների աջակցությամբ կմշակվի բժշկական քոլեջների զարգացման համընդհանուր ծրագիր: Նման փորձ նախարարությունն արդեն ունի գյուղատնտեսական քոլեջների և ուսումնարանների առումով,  որի արդյունքում ստեղծվել են նոր լաբորատորիաներ, իսկ 2014 թվականին ԵՄ աջակցությամբ նախատեսվում են շենքերի բարեկարգման և նորոգման աշխատանքներ:
Նախարարը նշել է նաև, որ ՄԿՈՒ ոլորտում պետական պատվերը  հաջորդ ուսումնական տարվանից մեծանալու է, քանի որ 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: «Հիմնական կրթության հիմքով քոլեջներ  կամ ուսումնարաններ դիմած սովորողների համար պետությունն ապահովում է համատարած անվճար կրթություն: Մեր նոր քաղաքականությունն այս ոլորտում հետևյալն է` հիմնական դպրոցն ավարտելուց հետո աշակերտը պետք է շարունակի կրթությունը կամ ավագ դպրոցում, կամ ուսումնարանում կամ էլ քոլեջում: Այս քաղաքականությունը լրացուցիչ հոսք է բերելու ՄԿՈՒ ոլորտ, այդ թվում նաև բժշկական քոլեջներ, թեպետ պետությունը մասնագիտությունների  պետպատվերի քաղաքականությունն ապահովելիս առաջնորդվելու է իր գերակայություներից ելնելով»,-նշել է  նախարարը` հավելելով, որ միջին մասնագիտական բժշկական մասնագիտությունները, բացառությամբ մարզային որոշ բնակավայրերի,  պետության համար առաջանահերթ չեն համարվում:  Ուստի պետությունը, ինչպես նշել է նախարարը, պետպատվերը բաշխելիս, բացի սովորողների առաջարկից ու պահանջարկից,   հաշվի կառնի պետության կարիքները:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել բժշկական քոլեջներում առկա մի շարք աշխատանքային խնդիրների, շենքերի բարեկարգման, ուսումնական գրադարանների համալրման, համակարգչային համալրման և այլ հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։