Ա. Աշոտյան. «Ներդրումներն արդյունավետ են և պահանջված` երիտասարդության և տնտեսության կողմից»
2013-11-25
Տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման արարողությանը, որի մասնակիցներին ողջունել և հաղթողներին պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, նշել է, որ ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտին. «Վերջին տարիներին վերոնշյալ ոլորտը կառավարության համար լրացուցիչ ջանքերի, խրախուսումների և ներդրումների կիզակետ է դարձել, և մեր երիտասարդների հաջողությունները միջազգային ասպարեզում մեզ ոգևորում են և ապացուցում, որ մեր ներդրումներն արդյունավետ են և պահանջված` երիտասարդության և տնտեսության կողմից:
Ցանկանում եմ նշել, որ վերջին տարիներին կտրուկ ավելացել է անվճար մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը բոլոր մասնագիտությունների գծով, և 2014 թվականին համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո 12-ամյա կրթությունը լինելու է պարտադիր` իր մեջ ներառելով նախնական և միջին մասնագիտական կրթության բաղադրիչ, այսինքն` 2014 թվականից ուսումնարաններ և քոլեջներ ընդունված ուսանողների համար կրթությունը կլինի անվճար: Ըստ այդմ` աշխատաշուկային միտված կրթական ծառայություններ մատուցելիս պետք է հաշվի առնենք, որ տնտեսության մեջ կա որակյալ աշխատուժի պահանջարկ նաև մասնագիտական կրթության մասով: Ակնհայտ է, որ երիտասարդների մեջ աճում է մրցակցությունը շատ մասնագիտությունների գծով և, այո, այսօր կա ավելի սթափ երիտասարդություն»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով նաև սոցիալական գործընկերներին: Արմեն Աշոտյանի խոսքով` նմանատիպ միջոցառումները կարևոր են մի շարք տեսանկյուններից. նախարարության համար կարևոր են ցույց տալ, որ մասնագիտական կրթությամբ ևս հնարավոր է հասնել հաջողության և որ համաշխարհային կրթական տարածքում ևս այն մեծ պահանջարկ ունի, կարևոր են ուսանողների համար, ովքեր մեծ ոգևորությամբ վերադառնում են միջազգային ստուգատեսներից, կարևոր են գործատուների համար, ովքեր աշխատաշուկայի պահանջներին միտված կրթական ծառայությունների ձևավորման գործընթացում բացահայտում են լավ երիտասարդների, և, վերջապես, կարևոր են ուսումնական հաստատությունների համար, որպեսզի հանրությունը տեսնի իրենց աշխատանքի արդյունքը:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Էքսպո-ցուցահանդես՝ ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցադրություն: Նախարարը շրջել է տաղավարներում, ծանոթացել ցուցանմուշներին, զրուցել ուսանողների հետ:
2015 թվականին Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքում կկայանա «Համաշխարհային հմտություններ» 43-րդ միջազգային մրցույթը: 65 այլ երկրների ուսանողների հետ միասին Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների ուսանողները ևս արդեն երկրորդ անգամ հնարավորություն կունենան ներկայանալ և մրցակցել իրենց հմտություններով: «Համաշխարհային հմտություններ» մրցույթին կմասնակցեն ազգային փուլի հաղթողները` երեք մասնագիտությունների գծով՝ ոսկերչություն, նորաձևություն, խոհարարություն: Նշենք, որ համաշխարհային այս կառույցին` որպես հարող անդամ Հայաստանը միացել է 2012թ.-ին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ: «Համաշխարհային հմտություններ» միջազգային կառույցում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը:
«Հայաստանի հմտություններ» նախագիծը իր շուրջը միավորում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտի մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնին և սոցիալական գործընկերներին` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի գործարարների (գործատուների) ու արդյունաբերողների միությանը, Հայաստանի գործատուների միությանը: