«Որևէ բուհ Գյումրիում չի փակվում, արվեստի որևէ մասնագիտության գոյությունը վտանգված չէ». Ա. Աշոտյան
2013-11-22
ՀՀ ԿԳ նախարարի հաջորդ կանգառը Գյումրու պետական բժշկական քոլեջում էր, որը նախկինում գործել է առողջապահության համակարգում: Քոլեջի ուսանողների ու մանկավարժների հետ հանդիպման ժամանակ հարց է բարձրացվել բժշկական քոլեջը ԿԳՆ ենթակայության ներքո տեղափոխելու պատճառների վերաբերյալ: Ի պատասխան՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է. «Կրթության համակարգում քաղաքականությունը պետք է միասնական լինի՝ սկսած ուսանողների իրավունքներից մինչև կրթական ծրագրեր»: Քոլեջն ունի 650 սովորող, շենքը հին է և ունի վերանորոգման կարիք: Ուսանողները որպես խնդիրներ նշել են հայերենով ուսումնական գրականության պակասը և տեխնիկական սարքավորումների բարելավումը:
Նախարար Ա. Աշոտյանն այցելել է Գյումրու արվեստի բուհեր և հանդիպում ունեցել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի և Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի հետ: Արվեստի բուհերի ներկայացուցիչները մտահոգություններ են ներկայացրել նախարարին՝ բուհերի մասնաճյուղերի միավորման վերաբերյալ կառավարության կողմից մշակված նախագծի առնչությամբ: Հիմնականում շեշտվել է այն տեսակետը, որ բուհերն անընդունելի են համարում մասնաճյուղերի միավորումը: ՀՀ ԿԳ նախարարը, անդրադառնալով Գյումրիում մշակույթի կամ արվեստի համալսարան հիմնելու կառավարության մտադրությունը, նշել է, որ հիմնական նպատակը Գյումրին մշակութային մայրաքաղաք դարձնելու ծրագրի իրականացումն է: «Ես հասկանում եմ բոլոր մտահոգությունները, որոնք վերաբերում են նոր բուհի ստեղծմանը, սակայն կարծում եմ՝ կա հստակ թյուրընկալում: Որևէ բուհ Գյումրիում չի փակվում, որևէ ստեղծագործողի վտանգ չի սպառնում, որևէ արվեստի մասնագիտության գոյությունը վտանգված չէ, նման մտադրություն չկա ու չի եղել: Խոսքն ընդամենը բուհերի վերամիավորման մասին է, որը հնարավորություն կտա Գյումրիում ստեղծել ավելի հզոր ու մրցունակ համալսարան: Հավատացնում եմ, որ նոր համալսարանի հիմնադրումը զուտ տնտեսական առումով պետության համար ավելի ծախսատար է, քան արվեստի բուհերի մասնաճյուղերի պահպանումը: Սակայն կառավարությունն այս պահին պատրաստ է գնալ այդ քայլին: Ժամանակակից կրթության զարգացման միտումները ցույց են տալիս, որ փոքր բուհերն ու բուհերի մասնաճյուղերը չունեն ապագա: Բուհերի խոշորացումն անխուսափելի գործընթաց է, որին վաղ թե ուշ, համոզված եմ, մենք գնալու ենք՝ ավելի որակյալ բուհական կրթություն ապահովելու համար: Շատ կարևոր է, որ դուք՝ ուսանողներդ և դասախոսներդ հավատաք այդ նոր գաղափարին, որովհետև դուք եք լինելու այդ գաղափարի կրողն ու իրականացնողը: Եթե դուք այդ գաղափարին չեք վստահում, մենք չենք կարող հաջողություն ունենալ: Չէի ուզենա տպավորություն թողնել, թե եկել եմ գյումրեցուն ինչ-որ բան համոզելու: Իբրև կրթության և գիտության նախարար՝ հանձնարարություն եմ ստացել վարչապետից ՝տեղում ծանոթանալ իրավիճակին: Վստահ եղեք, որ ձեր մտահոգությունների ու կարծիքի հետ կառավարությունն անպայման հաշվի է նստելու: Վստահեցնում եմ ձեզ, որ ընդդեմ գյումրեցու հավաքական կարծիքի՝ որևէ քայլ չի արվելու»,- հանդիպման ժամանակ նշել է Ա. Աշոտյանը: ԿԳ նախարարի այս հայտարարությունը ներկաների կողմից ընդունվել է ոգևորությամբ և ծափերով: Այնուհետև նախարարը դիտել է Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների ցուցահանդեսը:
ՀՀ ԿԳ նախարարի Շիրակի մարզ կատարած այցն ամփոփվել է մարզպետարանում՝ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ համատեղ կրթության հարցերին նվիրված խորհրդակցությամբ: