«ԱՐԵԱԼ» նախագիծն իր համարժեքը չունի ողջ տարածաշրջանում

2013-11-13

«Փաստարկ» ակումբում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի և «ՔԵՆԴԼ» նախագծի ղեկավար Վասիլի Ցականովի համատեղ ասուլիսը, որի ընթացքում բանախոսները ներկայացրել են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2013» մրցույթի արդյունքները եւ «ՔԵՆԴԼ» նախագծի ընթացքը եւ հեռանկարները:
Կոմիտեի նախագահը խոսել է գիտության երիտասարդացմանն ուղղված ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր– 2013» մրցույթի մասին,  որին մասնակցելու համար ներկայացվել էր 51 հայտ, որոնցից ֆինանսավորման են երաշխավորվել 31-ը: Ս.Հարությունյանը խոսել է նաեւ ՔԵՆԴԼ նախագծի առաջին փուլի ԱՐԵԱԼ-ի կարևորության և աշխատանքների ընթացքի մասին:  «ԱՐԵԱԼ նախագիծն իր համարժեքը չունի ողջ տարածաշրջանում: ԱՐԵԱԼ արագացուցչի կառուցման արդյունքում Հայաստանում կստեղծվի էլեկտրոնային արագացուցիչների և դրանց կիրառման ժամանակակից գիտահետազոտական լաբորատորիա: Ներկայումս հաջողությամբ ավարտված են ԱՐԵԱԼ արագացուցչի հիմնական համակարգերի փորձարկումները: Աշխատանքները թևակոխել են արագացուցչի գործարկման որոշիչ ավարտական փուլը` էլեկտրոնների առաջին փնջի ստացումը»,- նշել է կոմիտեի նախագահը:
ԱՐԵԱԼԻ ստեղծման և կառուցման աշխատանքների մասին խոսել է  նաև ՔԵՆԴԼ նախագծի ղեկավար Վասիլի Ցականովը՝  անդրադառնալով ԱՐԵԱԼ- ի պատմությանը: Վերջինս նշել է նաև, որ ԱՐԵԱԼ նախագիծն իրագործվել է Գերմանիայի DESY ու Շվեյցարիայի PSI արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ: Նախագծին խորհրդատվական լուրջ ծառայություններ են մատուցել ռուս, չինացի, ամերիկացի, ֆրանսիացի և իտալացի գործընկերները: Ըստ բանախոսների՝ շատ մեծ աշխատանքներ են կատարվել նաև Գիտության պետական կոմիտեի և «ՔԵՆԴԼ» կենտրոնի համատեղ ջանքերով.  2010-2012թթ. պաշտոնական բանակցություններ են կայացել և համագործակցության հուշագրեր են կնքվել՝ Ֆրանսիայի Էներգետիկայի դեպարտամենտի, Գերմանիայի DESY արագացուցչային կենտրոնի, Շվեյցարիայի ազգային արագացուցչային կենտրոնի, «Կուրչատովի ինստիտուտ» ռուսաստանյան ազգային կենտրոնի, Իտալիայի ELETTRA արագացուցչային կենտրոնի և  Չինաստանի Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի (SINAP) հետ:
Ասուլիսի վերջում բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։