Մեկնարկել է ԶԼՄ ներկայացուցիչների համար սեմինարը
2013-11-15
Աղվերանում մեկնարկել է «Թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կարևորագույն սկզբունքներ» եռօրյա սեմինարը` կազմակերպված ԶԼՄ ներկայացուցիչների համար: Ողջունելով սեմինարի մասնակից լրագրողներին ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բացման խոսքում նշել է, որ գիտաժողովի նպատակը ԶԼՄ ներկայացուցիչներին կրթության ոլորտում պետական քաղաքականության գերակայությունները, ձեռքբերումներն ու խնդիրները ներկայացնելն է, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին իրազեկելը:
Շնորհակալություն հայտնելով ԶԼՄ-ներին կրթության ոլորտն ակտիվ լուսաբանելու համար ՀՀ ԿԳ նախարարն իր խոսքում նշել է. «Պետական քաղաքականությունը չի կարող հաջողված լինել, եթե հանրային իրազեկվածության և քննարկումների մակարդակը պատշաճ չափով չի ապահովվում: ԿԳՆ-ն որդեգրել է մաքսիմալ բաց, թափանցիկ, հաշվետու քաղաքականություն, մեզ համար կարևորագույն խնդիր է կրթության բոլոր մակարդակներում` նախադպրոցական և հանրակրթական հաստատություններից սկսած մինչև բարձրագույն կրթության և գիտության ոլորտ ապահովել լիակատար ժողովրդավարության սկզբունքների ներդնում: Այս համատեքստում ԶԼՄ-ների դերը չափազանց կարևոր է»: Մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք` նախարարը նշել է, որ գիտաժողովի ծրագրում ներառված են բոլոր ուղղությունները, որոնք կարող են հանրային հետաքրքրության թեմա լինել և ապահովել տեղեկացվածություն ամենակարևոր հարցերի հետ կապված: Այնուհետև ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ներկայացրել է զեկույց` «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմայով: Ն. Հովհաննիսյանը անդրադարձել է կրթության տասներկուամյա համակարգի ներդրմանը, ավագ դպրոցի ներդրմամբ պայմանավորված ոլորտում կատարած բովանդակային և օրենսդրական փոփոխություններին, դպրոցներում «Շախմատ» առարկայի ներմուծմանը: Օրենսդրական դաշտի նորարություններից նշվել է «Հանրակրթության մասին» նոր օրենքի ընդունումը, սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգը, դպրոցի տնօրենի հավաստագրման, ինչպես նաև մանկավարժի և տնօրենի մրցութային ընդունելության կարգը, հատուկ կրթության համար սահմանված նորմատիվները և այլն: «Հանրակրթության վարչությունը լուրջ աշխատանք է տանում ազգային փոքրամասնությունների հետ, իրենց համար պահպանվում է իրենց մայրենի լեզուն, սակայն պատշաճ տեղ է հատկացվում առարկայացանկին, որը պարտադիր է բոլոր դպրոցների համար: Մեզ համար կարևոր էր նաև սիրիահայ երեխաների կրթության կազմակերպումը, այսօր շուրջ 700 սիրիահայ երեխաներ ընդգրկված են դպրոցներում: Այստեղ, կային լուրջ խնդիրներ, քանի որ շատերը չեն տիրապետում մայրենի լեզվին, բայց դպրոցների կոլեկտիվների ջանքերի շնորհիվ կարողանում ենք հաղթահարել այդ խնդիրը»,-նշել է Ն. Հովհաննիսյանը: Նրա խոսքով առաջիկա օրերին կավարտվի տնօրենների վերապատրաստումը եւ կկազմակերպվի հավաստագրման գործընթացը:
Հանրակրթության ոլորտի զեկույցից հետո տեղի է ունեցել քննարկում: Լրագրողները նարկայացրել են իրենց դիտարկումները դպրոցներում առկա խնդիրների վերաբերյալ, հարցեր ուղղել նախարար Ա. Աշոտյանին և զեկուցողներին:
Անդրադառնալավ դպրոցներում առկա խնդիրներին` նախարարը նշել է, որ մտահոգիչ վիճակագրություն կա դպրոցական համակազմերի հետ կապված. «Հանրապետությունում այսօր ունենք մինչև հարյուր աշակերտ ունեցող ավելի քան երեք հարյուր դպրոց: Կան դպրոցներ, որտեղ ուսուցիչների թիվը գերազանցում է աշակերտների թվին: Սա, իհարկե լուրջ խնդիր է: Մի կողմից պետությունը նման դպրոցներում սովորող աշակերտների կրթության վրա ահռելի միջոցներ է ծախսում, մյուս կողմից էլ, ունենք մի պատկեր, երբ այդ ծախսերը հակադարձ համեմատական են կրթության որակի հետ: Մենք այժմ լուծումներ ենք փորձում գտնել. Հնարավոր տարբերակներից մեկը տարբեր մարզերում ռեգիոնալ դպրոցների ստեղծումն է, մյուսն օնլայն կրթության ներդնումը: Փորձում ենք մաքսիմալ զերծ մնալ դպրոցների փակումից, սակայն առանձին դեպքերում դա անխուսափելի քայլ է: Սա այն դեպքն է, երբ խնդիրը չի կարելի դիտարկել զուտ կրթական»,- ասել է Ա. Աշոտյանը: