«Հայաստանը մասսայական հաղորդակցության համակարգում»
2013-11-11
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Հայաստանը մասսայական հաղորդակցության համակարգում» սեմինարը, որի ընթացքում մասնակիցներին ողջունել և ելույթով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, անդրադարձել է, թե ներկայիս տեղեկատվական դարաշրջանում մասսայական հաղորդակցության ինչ նոր մարտահրավերներ են առաջ գալիս և ինչպիսին պետք է լինի ժամանակակից հասարակական-քաղաքական գործիչը, որ համապատասխանի այդ տեղեկատվական հասարակության սպասելիքներին:
Այդ կապակցությամբ նախարարն առանձնացրել է վերոնշյալ գործիչներին բնութագրող 6 հատկանիշ: «Առաջին, այսօրվա դարաշրջանը պահանջում է լինել առավելագույնս օպերատիվ: Տեղեկատվությունն այսօր այնքան արագ է օգտագործվում և «մաշվում», որ հասարակության ակնկալիքը օպերատիվ լինելու պահանջն է, պատրաստ լինել արձագանքել տեղում և հիմա: Երկրորդ սկզբունքը լակոնիկ լինելն է: Տեղեկատվության այսօրվա սպառողը, ցավոք, դժվար է ընկալում երկար և ծանր տեքստեր, որոնք գուցե ավելի խորքային և լուրջ են, բայց հասարակության պահանջն այլ է` շատ կարճ ու դիպուկ ներկայացնել խնդիրը: Երրորդ մարտահրավերը կրեատիվ, նորարար լինելու պահանջն է: Այսօր տեղեկատվական հոսքերն այնքան ինտենսիվ են, որ դու շահեկանորեն պետք է տարբերվես այդ դաշտում, պետք է մի քիչ տարբեր լինի քո միտքը. այլևս ինքնահոսի թողած, շաբլոն պատասխանները պահանջված չեն: Չորրորդը հասարակական-քաղաքական գործչի, այսպես ասած, իսկականությունն է: Դժվար է երկար ժամանակ բոլորին խաբել. որքան սինթետիկ է այդ կերպարը, այնքան քիչ է դրա կենսունակության ժամկետը: Կարևոր է լինել անմիջական, նյարդ դնել աշխատանքի մեջ, հակառակ պարագայում` դու դատապարտված ես տապալման: Հինգերորդը շարժուն, մոբիլ լինելու պարտավորությունն է ոչ միայն ֆիզիկական իմաստով, այլ նաև մտածելակերպով, որ կարողանաս արագ և ճկուն կերպով շարժվել այսօրվա տեղեկատվական հոսքերում: Եվ, վերջապես, վեցերորդը տեղեկատվական տեխնոլոգիաներից գոնե նվազագույն կերպով ինքնուրույն օգտվելու հմտությունն է: Հակառակ պարագայում` միշտ կախվածության մեջ կլինես ինչ-որ մեկից, որն էլ իր հերթին կդանդաղեցնի աշխատանքը, դրա որակը և հաջողության հասնելու հավանականությունը»,- մասնավորապես, նշել է Արմեն Աշոտյանը:
Սեմինարի մասնակիցներին ողջունել է նաև ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը: Ելույթներով հանդես են եկել «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոնի գիտական ղեկավար Ավետ Դեմուրյանը` «Հայաստանի դերը մասսայական հաղորդակցութան մեջ և գլոբալիզացիայի արդի միտումները», Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Գեղամ Վարդանյանը` «Ինտերնետի դերը մաասսայական հաղորդակցության համակարգում» և ԵՊԼՀ դասախոս Ջոն Բալյանը «ԱՄՆ փորձը մասսայական հաղորդակցության համակարգում. ինչն է օգտակար Հայաստանի համար» թեմաներով: