«Աշխատանքային ռեզերվներ»-70
2013-11-04
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանով Մատաղ սերնդի կրթության, ֆիզիկական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ` կազմակերպության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» և նախարարության պատվոգրով:
Նշենք, որ «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1943թ.-ին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարին տարիներին՝ նպատակ ունենալով նպաստել մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության և հայրենական սպորտի զարգացման գործին: «Աշխատանքային ռեզերվներն» իր գործունեության 70 տարիների ընթացքում օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների պատրաստման յուրօրինակ դարբնոց է եղել: Կենտրոնի սաները կարողացել են արժանիորեն ներկայացնել Հայաստանը ու հայ ժողովրդին` նախկին միութենական և ինչպես նաև համահայկական և միջազգային ամենահեղինակավոր սպորտային մրցումներում:
«Աշխատանքային ռեզերվները» ՄՀԿ հայկական սպորտին տվել է այնպիսի անուններ, ինչպիսիք են` բռնցքամարտիկներ Վլադիմիր Ենգիբարյանը, Դավիթ Թորոսյանը, Սուրեն Ղազարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Մեխակ Ղազարյանը, մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը, հեծանվորդ Օլեգ Կլեվցովը, ըմբիշներ Մանվել Ապիկյանը, Մխիթար Մանուկյանը, Դավիթ Սաֆարյանը և ուրիշներ:
Կազմակերպության մեծանուն մարզիչներից կարելի է հիշել Էդուարդ Արիստակեսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Վոլտեր Աթանեսյանին, Ռուդոլֆ Կարապետյանին, Ավետիկ Կատյանին, Ռաֆայել Մեհրաբյանին, Յուրա Կարապետյանին, Վազգեն Բադալյանին, Դերենիկ Գաբրիելյանին և շատ ու շատ ուրիշների: