ՀԲ -ն աջակցում է կրթական բարեփոխումներին
2013-11-01
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմին՝ առաքելության ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորությամբ: Խումբը Հայաստանում է գտնվում ՀԲ նոր վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքները գնահատելու առաքելությամբ: Ողջունելով հյուրերին և շեշտելով ՀԲ-ի աջակցությունը կրթության բեարեփոխումների գործում՝ ԿԳ նախարարը նշել է, որ վարկային նոր ծրագիրը կարևոր նշանակություն ունի սկսված բարեփոխումների շարունակականությունն ապահովելու առումով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցն ու առաջնահերթությունները: Առաջիկա 5 տարիների համար նախատեսված 30 մլն դոլար արժողությամբ վարկը նախատեսվում է կրթության ոլորտի բարեփոխումների համար, դրա հիմնական մասը, մոտ 18 մլն դոլարը ՀՀ ԿԳՆ առաջարկությամբ հատկացվելու է ավագ դպրոցների ծրագրին: Մասնավորապես նախատեսվում է վարկային ծրագրի շրջանակում բարելավել ավագ դպրոցների շենքային պայմանները, ինչը մշտադիտարկման արդյունքներով ՀԲ կրթական թիմի կողմից ևս դիտվել է իբրև առաջնահերթություն: Վարկային ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև բարձրագույն կրթության զարգացմանը միտված նորարարությունների հիմնադրամի ստեղծմանը, ինչպես նաև ՀՀ մարզերում դպրոցներին կից նախակրթարանների հիմնադրման արդեն սկսված ծրագրի շարունակություն: