Երևանում բացվել է կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովը
2013-10-17
Համաժողովին մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան, ԵԽ կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը, Ուսանողների եվրոպական միությանը գործադիր կոմիտեի նախագահ Ռոկ Պրիմովիչը: Համաժողովին մասնկացել են Ռումինիայի, ՌԴ-ի, Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունների պատվիրակությունները:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձանագրել է, որ Հայաստանի բարձրագույն կրթությունը շրջադարձային բարեփոխումներ է իրականացնել` համարվելով եվրոպական կրթական տարածքի հավասար և բաղկաղուցիչ մաս: «Դրա վկայությունն այն հարյուրավոր ուսանողներն են, ովքեր հնարավորություն են ստանում իրենց կրթությունը շարունակել եվրոպական երկրների ուսհաստատություններում: Դիպլոմների փոխճանաչման հարցը նախևառաջ կրթության որակի ապահովման խնդիրն է, և եթե մեր կրթական համակարգը չհամապատասխաներ այդ չափանիշներին, ապա մեր ուսանողները վստահաբար նման հնարավորություն չէին ունենա: Հայաստանը նաև առաջատար է ԱՊՀ երկրների շարքում` եվրոպական կրթական տարածքին ինտեգրման իր ջանքերով և նվիրվածությամբ: Այս համաժողովն ապացույցն է, որ Հայաստանն ունի իր ուրույն տեղը ինչպես տարածաշրջանային, այնպես եվրոպական կրթական տարածքում, ունի իր ասելիքը»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ առաջիկա երեք տարիներին Հայաստանը համակարգելու է եվրոպական ողջ տարածքի կրթական բարեփոխումները: «Յուրաքանչյուր ուսանող և, առհասարակ, ոլորտի ցանկացած շահառու իր վրա պետք է զգա, որ բան է փոխվել իրականում, իսկ դրա աապացույցները շատ են` ուսանողների և դասախոսների շարժունությունը, տարեցտարի մեծացող դրամաշնորհները և այլն: Համոզված եմ, որ այսօրվա համաժողովը լուրջ հումք կտա մեր մասնագետներին` ևս մեկ անգամ շոշափել եվրոպական փորձը, տեսնել Հայաստանի դիրքը` իր նման երկրների շարքում: Հավաստիացնում եմ, որ բազմաթիվ չափորոշիչներով Հայաստանը բավականին առաջ է անգամ Արևելյան Եվրոպայի երկրների շարքում` այդ թվում նաև մեր իրականացրած քաղաքականության շնորհիվ` մեր բոլոր խնդիրներով հանդերձ»,-հավելել է Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ համաժողովի ընթացքում քննարկվել են Որակավորումների ազգային շրջանակների ներդրման մարտահրավերները, ուղղությունները, համադրելիությունը Եվրոպական որակավորումների շրջանակին, ինչպես նաև ուսանողների մասնակցությունը բարձրագույն կրթության կառավարմանը: