ԱրմԹեք` 6-րդ ամենամյա բիզնես-ֆորում և համաժողով
2013-10-07
Համաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել հիմնական բանախոսները` ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչը, «Նեյշնլ Ինսթրումենթս-Հայաստան» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը, «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարապետ Երվանդ Զոլյանը, «Mentor Graphics» ընկերության ներկայացուցիչ Սեդրակ Սարգսյանը, «GFI Monotis» ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը և «Granatus» ֆոնդի ներկայացուցիչ Մանուկ Հերգնյանը:
Անդրադառնալով հայ-հնդկական կրթական համագործակցությանը` Արմեն Աշոտյանը նշել է, որ այս ոլորտում նախանշվում են 3 միջպետական խոշոր նախագծեր, մասնավորապես, կազմվել է որակավորումների ճանաչման միջպետական պայմանագրի նախագիծ, բժշկական մասնագիտությունների գծով փոխճանաչման մասին նախագիծ, ինչպես նաև մինչև 2017 թվականը կրթության և գիտության ոլորտում հայ-հնդկական գործողությունների ծրագիրը:
«Նեյշնլ Ինսթրումենթս-Հայաստան» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանն իր խոսքում նշել է, որ Ճարտարագիտական համալսարանում ներդրվել է անկախության տարիների թերևս ամենախոշոր ներդրումային ծրագիրը` ժամանակակից լաբորատորիաների ցանցի հիմնումը /ANEL/, որում զգալի է եղել ընկերության ներդրումների ծավալը:
«GFI Monotis» ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանում տարեկան առկա է տեղեկատվական տեխնոլոգիաների 2000-ից ավելի մասնագետների կարիք, և այդ խնդրի լուծման պարագայում, ըստ բանախոսի, տնտեսությունն ավելի մեծ արդյունք կունենա: Հովհաննես Ավոյանը նաև պատրաստակամություն է հայտնել հայաստանյան որևէ բուհում ANEL-ի նմանությամբ ծրագրի իրականացում` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադառնալով մասնագետների պահանջարկի խնդրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ տարեկան 2000 մասնագետների կարիքը պետությունը միանգամից չի կարող բավարարել, քանի որ պետության հնարավորություները սահմանափակ են: «ՏՏ գծով պետական պատվերը վերջին երկու տարվա ընթացքում ավելացել է շուրջ 50 տոկոսով, և սա դեռ վերջնական արդյունք չէ. պետությունը պատրաստ է հավելյալ անվճար կրթության տեղեր հատկացնել այս ոլորտի լավագույն ուսանողների համար»,- նշել է նախարարը` հավելելով, որ պետությունը պատրաստ է նաև հանրակրթական դպրոցներում «Ինֆորմատիկա» առարկայի բովանդակության և չափորոշիչների վերանայմանը և թարմացմանը: Ըստ Արմեն Աշոտյանի` կարևոր է նաև հասկանալ` 2000 մասնագետի պահանջարկը կրթության որ աստիճանում կարելի է ապահովել:
«Granatus» ֆոնդի ներկայացուցիչ Մանուկ Հերգնյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում տեղեկատվական տխնոլոգիաների ոլորտը լրջագույն փոփոխություների փուլում է, որի հաջողությունը պահանջում է արմատապես նոր կրթական մոդել:
Համաժողովի ընթացքում բանախոսներին ուղղվել են նաև մի շարք հարցեր:
Նշենք, որ ԱրմԹեք համաժողովը շահույթ չհետապնդող գլոբալ ցանց է, որը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար հարթակ: Համաժողովը կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և կրում է «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագիրը: Համաժողովի նպատակն է լուսաբանել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը և այն դարձնել գլոբալ ճանաչելի: