Մեկնարկել է «Կրթություն. գործընթաց, թե վերջնանպատակ» համաժողովը
2013-10-02
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Բրիտանական խորհրդի կազմակերպած «Կրթություն. գործընթաց, թե վերջնանպատակ» երկօրյա համաժողովի բացմանը: Միջոցառումը նպատակ ունի համակողմանի քննարկել դասավանդման բնագավառում իրականացվող փոփոխությունների և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվող մեթոդների դրական և բացասական ազդեցությունները:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ընդգծելով, որ կրթական գործընթացում նորարարական տեխնոլոգիաների օգտագործման անհրաժեշտությունը ոչ միայն հնարավորություն է, այլև մարտահրավեր, որն իր հետ կարող է բերել լրացուցիչ դժվարություններ, բացման խոսքում նշել է. «Կրթության բնագավառում նորարարական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ կան տարբեր՝ երբեմն նույնիսկ տրամագծորեն հակառակ մոտեցումներ: Դասական կրթական միջավայրի և մեթոդների կողմնակիցների համար կրթության միավորը նախկինի պես շարունակում է մնալ բացառապես դասագիրքը: Կա նաև երկրորդ ծայրահեղությունը, մարդիկ, ովքեր մոտ ապագայում կրթություն ստանալու գործընթացը պատկերացնում են բացառապես տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»: Դժվարությունների մի մասն, ըստ նախարարի ունեն օբյեկտիվ հիմնավորումներ. «Օրինակ` առցանց, հեռահար և այլ կրթության ձևերի կիրառման դեպքում որոշակի հակասություն է առաջանում կրթության որակի ստուգման ձևերի և մեթոդների միջև: Կա նաև երկրորդ խնդիրը` դա ուսանող-դասախոս հարաբերությունների նոր տարբերակն է: Ցավոք, նույն առցանց կրթությունը, գիտության ստեղծման և փոխանակման գործում ապահովելով տպավորիչ առաջընթաց, դեռևս լուրջ հաջողություններ չի արձանագրել մարդուն որպես քաղաքացի դաստիարակելու, գիտելիքից զատ նաև արժեք տրամադրելու և դաստիարակչական ու կրթական բաղադրիչները ճիշտ համադրելու հարցում»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ կրթության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ Հայաստանում վերջին տարիներին առկա է լուրջ զարգացում. արդեն գործում են առցանց կրթության մի քանի հարթակներ՝ բավական հագեցած բովանդակությամբ: «Մենք կատարել ենք մեծ աշխատանք, սակայն ոլորտը մեզ համար դեռևս հեռանկարային է: Հայաստանն այս ուղղությամբ դեռ շատ բան ունի անելու և սովորելու»,- խոսքն եզրափակելով նշել է նախարարը և հույս հայտնել, որ մասնագիտական քննարկումները կնպաստեն, որ ապագայում կկայացվեն կրթության զարգացմանն ուղղված կարևոր որոշումներ:
Համաժողովին մասնակցել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրեն Մայքլ Բըրդը, անգլերեն լեզվի մասնագետներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ և ուսուցիչներ: