Լուրջ հաջողություններ՝ կրթության արդիականացման և միջազգայնացման ճանապարհին
2013-10-02
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է «Կրթության արդիականացումը ժամանակակից մանկավարժական հարացույցների համատեքստում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որին մասնակցել են ներկայացուցիչներ` աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, նշել է. «Հերթական անգամ Մանկավարժական համալսարանն անցկացնում է միջազգային մասշտաբի և բովանդակության համաժողով, և ակնհայտ է, որ համալսարանը, տարիներ առաջ բռնելով կրթության արդիականացման և միջազգայնացման ճանապարհը, լուրջ հաջողություններ է արձանագրում այս ուղղությամբ:
Դրա վկայությունն այն լայն աշխարհագրությունն է, թեմաների ընդգրկումը, որ համալսարանի դասախոսների համար դարձել են ամենօրյա աշխատանքի հիմնական ուղղությունը: Խոսելով կրթության արդիականացման մասին` նախևառաջ պետք է հարցադրում անել` արդիականացում` հանուն ինչի”: Ակնհայտ է, որ այն ապագա քաղաքացու կրթական կարիքները բավարարելու խնդիրն է` որպես գերագույն հարց. Ի”նչ ակնկալիք ունի ՀՀ քաղաքացին, ով մուտք է գործում կրթական համակարգ, և ինչպես է այդ համակարգը պատրաստ բավարարել քաղաքացու կարիքները: Երկրորդ, այն մեր երկրների տնտեսության պահանջարկն է` իրականում աշխատուժի և մասնագիտական աշխատաշուկայի ինչպիսի պահանջարկ կա, և ինչպես է կրթական համակարգը բավարարում այն: Եվ երրորդ, հասարակության ակնկալիքը կրթական համակարգից. հասարակությունն իր հիմքում պետք է ունենա կիրթ և արժեքներ կրող քաղաքացի, ով ունակ է վճիռ կայացնել ` իր երկրի և հասարակության ապագայի համար: Այս երեք հարցադրումներն արդիական են, մասնավորապես, մանկավարժական կրթության արդիականացման համար, որն իր կարևորությամբ կազմում է ոչ միայն բարձրագույն կրթության մի հատվածը, այլ հանրակրթության ներկան և ապագան պայմանավորող լրջագույն գործոն է: Հուսով եմ, որ համաժողովը պատասխան կտա բոլոր այս հարցերին, և նրա մասնակիցները կհեռանան` հարստացած նոր գիտելիքներով, ինչպես նաև իրենց հետ տանելով հայաստանյան մասնագետների լավագույն փորձը»,-նշել է նախարարը` Մանկավարժական համալսարանին մաղթելով հետագա վերելքներ` իր միջազգայնացման և կրթության արդիականացման գործում: Արմեն Աշոտյանը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել միջոցառմանը ներկա Իտալիայի դեպանին` ընդգծելով, որ տարիներ առաջ` 2005 թվականին, երբ Հայաստանը դարձավ Բոլոնիայի անդամ, որևէ մեկի մտքով չէր անցնում թե Հայաստանում, և թե Եվրոպայում, որ 2012 թվականին Հայաստանի նման երկիրը հավակներ և ստանար Բոլոնիայի ողջ գործընթացի համար պատասխանատու և բարեփոխումները համակարգող երկրի պատասխանատվությունը: «Սա մեր կրթական համակարգի արդիականացման լավագույն ցուցանիշներից և արտահայտումների մեկն է: Եվ այսօր մենք մեր բազմաթիվ եվրոպացի գործընկերների հետ միասին կարող ենք կանխատեսել մեր երիտասարդ սերնդի ապագան` եվրոպական միասնական կրթական ողջ տարածքում»,-ընդգծել է նախարարը:
Համաժողովին ելույթ է ունեցել նաև Բոլոնիայի համալսարանի ռեկտորի ԱՊՀ գծով խորհրդական Կամիլլա Դանիլչենկոն:
Նախատեսվում է, որ համաժողովի մասնակիցները կներկանյացնեն իրենց երկրների առաջավոր փորձը և հայ գործընկերների հետ կքննարկեն 21-րդ դարում բուհերի մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև կմշակեն դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներ: