Նախարարն այցելել է ՀՊՏՀ
2013-09-27
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և կարճատև աշխատանքային խորհրդակցություն անցկացրել բուհի ղեկավար անձնակազմի հետ: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նախարարին ներկայացրել է տնտեսագիտական համալսարանում ուսումնական տարվա մեկնարկի, ինչպես նաև հաշվետվություն ամռան ընթացքում իրականացված վերանորոգման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:
Խորհրդակցությունից հետո նախարարը ռեկտորի ուղեկցությամբ շրջել է բուհի տեխնիկական նոր վերազինմամբ ապահովված լսարաններում, զրուցել ուսանողների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով:Նախարարին ներկայացվել է նաև ՀՊՏՀ նորաբաց գիտահետազոտական կենտրոնը, որի վերանորոգման աշխատանքները արդեն ավարտական փուլում են և կահավորման ավարտից հետո կգործի:
Դեռևս օգոստոսին, ՀՊՏՀ-ում տեղի ունեցած ՀՀ ԿԳ նախարարի և ուսխորհուրդների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ուսանողները բարձրացրել էին ուսանողական ճաշարանների մատչելիութան հարցը: Տնտեսագիտականի ռեկտորն այն ժամանակ խոստացել էր, որ սեպտեմների 1-ից համալսարանում կգործի նոր վերանորոգված ճաշարան՝ համեմատաբար մատչելի գնացուցակով: Ռեկտորն ու ՀՀ ԿԳ նախարարն այցելել են նաև տնտեսագիտական համալսարանի նորաբաց ճաշարան, հետաքրքրվել ուսանողներից՝ գոհ են արդյոք սննդի որակից և գներից: