Լիտվան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին

2013-09-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Լիտվայի կրթության և գիտության նախարար Դաինիուս Պավալկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև  ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Հանդիպման ընթացքում երկու երկրների կրթության պատասխանատուները բաց և անկեղծ զրույց են ունեցել ինչպես ոլորտում առկա ձեռքբերումների, այնպես էլ խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:
Նախարար Արմեն Աշոտյանը Դաինիուս Պավալկիսին շնորհակալություն է հայտնել` Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում, որպես ԵՄ նախագահող երկիր,  կրթության նախարարների երևանյան հանդիպմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և Լիտվայում ընթացող կրթական բարեփոխումները համապարփակ ներկայացնելու համար: Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համագործակությունն առավել արդյունավետ է ընթանում, մասնավորապես, միջբուհական համագործակցության ոլորտում: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանին հետաքրքրում է Լիտվայի` հետխորհրդային համակարգից դեպի եվրոպականի անցման փորձը, որը, ըստ նախարարի, բավական տպավորիչ է: Արմեն Աշոտյանն իր խոսքում կարևորել է երկու երկրների միջև ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնումն ու  շարժունության ակտիվացումը:
Նախարար Դաինիուս Պավալկիսն իր հերթին ներկայացրել է Լիտվայի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես, բուհերի ինքնավարության, եվրոպական կրթական միասնական տարածքի ինտեգրման, բուհական ընդունելության քննությունների, ինչպես նաև բուհերի ենթակառուցվածքների և ուսանողական հանրակացարանների արդիականացմանն ուղղված փորձը:
Անդրադառնալով օտարերկրյա ուսանողների խնդրին` երկու երկրների նախարարները նշել են, որ դրանց թիվը Հայաստանում և Լիտվայում գրեթե նույնն է` 5-7 տոկոս` ընդգծելով, որ  երկու երկրների կառավարությունները  որպես առաջնահերթություն են դիտարկում  օտարերկրյա ուսանողների ներգրավումը:
Հանդիպման ավարտին նախարարները նշել են, որ պատմականորեն իրար նման երկու պետությունների կրթական հիմնախնդիրները հիմնականում նույնն են` ինչպես ԵՄ տարածքում, այնպես էլ դրանից դուրս, որոնք պահանջում են համատեղ լուծումներ գտնելու ջանքեր

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։