Օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
2013-08-31
Եկեղեցական արարողակարգից հետո Վեհափառ հայրապետն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել են լրագրողների հարցերին: «Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ Մայր եկեղեցու և կրթության ու գիտության նախարարության համատեղ ձեռնարկումները բարի արդյունքներ են ունենում: Մենք կամենում ենք, որ այս ձեռնարկներով մեր զավակները հաղորդ դառնան Աստծուն և այն արժեքներին, որոնցով կերտվել է մեր ժողովրդի ինքնությունը և երաշխավորվել հարատև ընթացքը դարերի մեջ: Մենք հավատում ենք, որ մեր զավակունք, ճանաչելով իրենց ազգային պատմությունը, հաղորդ դառնալով ազգային արժեքներին, պիտի կրթվեն ու դաստիարակվեն որպես արժանավոր քաղաքացիներ և ինքնավստահ պիտի ընթանան մեր կյանքին ընդառաջ՝ կերտելով լուսավոր օրը և ապահովելով մեր ժողովրդին պայծառ և բարօր օրեր»,- նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Շեշտելով, որ եկեղեցու դերակատարումը կրթության համակարգում շատ կարևոր է, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «Հայ առաքելական եկեղեցին կրթության համակարգի համար անփոխարինելի գործընկեր է՝ դաստիարակության, ազգային արժեքների գիտակցումը կրող հայ քաղաքացու կերտման և հոգևոր դաստիարակության առումով: Դարեր շարունակ, երբ չկար պետականություն, եկեղեցին էր կրթության համակարգի պատասխանատուն, ուստի անկախ պետականության պայմաններում ազգային դպրոցի և բուհի համագործակցությունը Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ պատմական անհրաժեշտություն է: Մենք պարտավորություն ունենք եկեղեցուն ներգրավել մի շարք կրթական ծրագրերում, որոնք արդեն ավնադույթ են դարձել, ինչպես նաև մտադիր ենք ընդլայնել այդ համագործակցությունը:»,- նշել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ եկեղեցու հետ համագործակցությունը ոչ միայն բարոյական,այլև իրավական պատավորություն է, քանի որ Հայ առաքելական եկեղեցու բացառիկությունը շեշտված է նաև ՀՀ Սահմանադրության մեջ:












