ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ
2013-08-31
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու, նոր են բոցավառվելու գիտելիք ստանալու ցանկությամբ և այդ խանդավառությունն իրենց մեջ կրելու են ողջ կյանքի ընթացքում:
Այսօրվա բանիմաց ու հայրենասեր երիտասարդներից մենք ակնկալում ենք նվիրում ու աշխատասիրություն, կրթության և գիտելիքի նոր վերաարժևորում` ի շահ մեր երկրի ու ժողովրդի: Բարձրակարգ գիտելիքներով որակյալ մասնագետ լինելն արդեն դարձել է ժամանակի պահանջ, օրվա հրամայական:
Շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Լավագուն բարեմաղթանքներով` ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ












