Լավ սովորող ուսանողը վարձի պատճառով կրթության հնարավորությունից չի զրկվի. Ա. Աշոտյան
2013-08-22
Երիտասարդները տարբեր հարցեր են ուղղել նախարարին՝ ուսանողների համար նախատեսված սոցիալական ծրագրերի, ռեկտորատների որոշումների վերանայման հնարավորության և այլ խնդիրների վերեբերյալ: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը հանգամանալից ներկայացրել է խնդիրը՝ նշելով, որ շատ բուհերում ֆինանսական լուրջ խնդիրներ կան: Բուհերը վարձավճարների բարձրացման քայլին գնացել են պարտադրված՝ բուհի հետագա զարգացումն ու որակյալ, մրցունակ կրթություն ապահովելու պահանջից ելնելով, հետևաբար վարձավճարների վերանայումը իրատեսական չէ: «Պետության խնդիրն է ապահովել, որպեսզի որևէ լավ սովորող ուսանող վարձի պատճառով չզրկվի կրթության հնարավորությունից կամ դուրս չմնա բուհից: Հավատացած եղեք, որ այդ ուղղությամբ ամեն ինչ անելու ենք»,- վստահեցրել է Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով առաջիկյում ընդունելով օրենք, կսահմանվի բուհերի վարձավճարների վերին շեմ: Սեպտեմբերի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները, եթե լավ են սովորում, ապա 50-100 տոկոս ուսման վարձի զեղչ կստանան: Մշակման փուլում է գտնվում նաև ուսանողական զեղչերի մասին օրինագիծը, որտեղ այդ գործընթացի համար սահմանվում են հստակ պահանջներ, այն դեպքում, երբ այժմյան օրենսդրությամբ սոցիալապես խոցելի խավերի համար բուհն ինքն է որոշում` որքան զեղչ կիրառել: «Մենք ուսանողների 11 խմբերի համար, թեպետ առաջարկների հիման վրա այդ խմբերի քանակը կարող է փոխվել, հստակ սահմանելու ենք, թե ում քանի տոկոս զեղչ կհասնի: Դա կլինի պարտադիր բոլորի համար, անկախ նրանից, թե բուհի ղեկավարությունն ինչպիսի կապեր և հարաբերություններ ունի այս կամ այն ուսանողի հետ»,- շեշտել է ԿԳ նախարարը և հավելել, որ կառավարությունն օրենքի նախագիծը սեղմ ժամկետներում կուղարկի ԱԺ, և ամեն ինչ կարվի, որ 2014 թվականի հունվարից ուսանողական զեղչերի մասին օրենքը արդեն կիրառվի. «Այսինքն լավ սովորող ուսանողը հունվարից արդեն կունենա սոցիալական զամբյուղից օգտվելու հնարավորություն»,- վստահեցրել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ գալիք տարի արդեն նախատեսվում է ավելացնել նաև պետպատվերի տեղերի քանակն այն մասնագիտությունների համար, որոնք պետության համար գերակա ուղղություններ են: Նախարարը նշել է նաև, որ այս տարի շուրջ 100 պետպատվերի տեղեր տեխնիկական և գյուղատնտեսական մասնագիտությունների գծով թափուր են մնացել, որոնք հետո լրացուցիչ հատկացվել են արվեստի բուհերին:
Հանդիպման ավարտին նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել երիտասարդներին՝ կրթության նկատմամբ մտահոգություն ցուցաբերելու համար և հորդորել իրենց առաջարկություններով մասնակից դառնալ մշակման փուլում գտնվող օրինագծի լրամշակման աշխատանքներին:












