Նախարար Ա. Աշոտյանը հանդիպել է քաղաքացիական նախաձեռնության անդամներին

2013-08-20

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը  հանդիպման էր հրավիրել   «Ազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության անդամներին: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել երիտասարդներին` հանդիպման առաջարկն  ընդունելու համար և շեշտել, որ նախարարությունը սիրով պատրաստ է  հանդիպել կրթության խնդիրներով մտահոգ բոլոր  հասարակական նախաձեռնությունների և  երիտասարդների հետ.
«Որպես քաղաքական-հասարակական գործիչ և որպես նախարար, ոգևորությամբ և ուրախությամբ եմ ընդունում, որ Հայաստանում կան երիտասարդներ, ովքեր ունեն ցանկություն, բաց  նյարդ, որը  ցավում է հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների և հատկապես կրթության ոլորտի բարելավման համար»,- ընդգծել է նախարար  Ա.Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում նախաձեռնության առաջնորդ Վահան Մարտիրոսյանը նախ  հրապարակել է ՀՀ ԿԳ նախարարին ուղղված իրենց դիմումը, իսկ այնուհետ  այն փոխանցել նախարար Արմեն Աշոտյանին: Դիմումում մասնավորապես նշվում է, որ  «Ներազգային ազատագրական շարժումը»  պահանջում է` կասեցնել սույն թվականի մայիսին ռեկտորների խորհրդի կողմից ընդունված որոշումը, որով նախատեսվում է բարձրագույն կրթական հաստատությունների ուսման վարձավճարների բարձրացում: Ըստ դիմումատուների՝  որոշումը բավարար հիմնավորվածություն չունի և  սոցիալական իրավիճակի հետ կապված` բավական մտահոգիչ է: Պարզաբանելով բարձրացված հարցը` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախ նշել է, որ երիտասարդները մեկշաբաթյա ժամկետում կստանան գրավոր հանգամանալի պատասխան, ինչպես նաև նշել, որ նամակում արծարծված  խնդիրներն ուղղակիորեն ածանցվում և փոխկապակցվում են  երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակի հետ:
«Ուսման վարձերի թանկացման  որոշումը կայացվել է բուհերի կողմից: Պետք է նշել, որ  մենք երկար տարիներ փորձել ենք զսպել վարձավճարների բարձրացումը` բուհերին խնդրելով նման որոշումներ չկայացնել: Բայց հարկ է նաև անպայման նշել, որ բուհերի ֆինանսատնտեսական վիճակը մոտ ապագայում վատթարանալու է: 2011 թվականին բուհեըը ընդամնեը 20 տոկոսով են կատարել ընդունելություն, քանի որ  ավագ դպրոցի բարեփոխման ծրագրի ներդրմամբ պայմանավորված շրջանավարտներ չկային: Բացի այդ, այս տարի նույնպես ունեցել ենք ուսանողների թերհամալրում, մենք ունենք բավական շատ թափուր տեղեր: Մյուս կողմից բավական մեծ և  ուռճացված են նաև բուհերի պրոֆեսորա-դասախոսական և սպասարկման անձնակազմերը, իսկ մենք  երկար տարիներ փորձել ենք զերծ մնալ կրճատումներից` հաշվի առնելով սոցիալական խնդիրները: Սակայն  այսօր եկել է  համակարգում վիրաբուժական միջամտությունների ժամանակը: Եթե մենք այսօր չկարողանանք կտրուկ և լուրջ քայլեր իրականացնել, մոտ ապագայում կրթության համակարգը լուրջ խնդիրներ է ունենալու»,- մեկնաբանելով հրապարակված բաց նամակը՝ նշել է  Ա. Աշոտյանը: Միաժամանակ նախարարը վստահեցրել է, որ պետությունը  պարտավորություն է ստանձնում լավ սովորող ուսանողների համար ստեղծել հնարավորինս ճկուն և արդյունավետ սոցիալական փաթեթ: «Ոչ մի լավ սովորող ուսանող ուսման վարձավճարի պատճառով ուսանելու հնարավորությունից չի զրկվի: Սա կառավարության կողմից առաջադրված  քաղաքական մոտեցումն է»,- շեշտել է  նախարարը:  Ա. Աշոտյանը նշել է, որ բարձրագույն կրթության մատչելության հետ կապված խնդիրն ակնհայտ էր` անկախ որոշ բուհերի կողմից վարձավճարները բարձրացնելու հանգամանքից:
«Անվանական արժեքով Հայաստանում բարձարագույն կրթությունը համեմատաբար էժան է, 1 տարվա վարձավճարը, եթե արտարժույթի վերածենք, կազմում է մոտ 1200 ԱՄՆ դոլար, ինչը շատ ավելի էժան է, քան օրինակ Ռուսաստանում, Վրաստանում կամ բազմաթիվ եվրոպական  երկրներում: Սակայն երբ մենք համեմատությունը  դիտարկում ենք մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով, ապա բարձրագույն կրթության  արժեքը բավական թանկ է ստացվում: Այդ ուսումնասիրությունները կատարված են և մատչելիության քաղաքականությունը մենք դիտարկում ենք առաջնահերթություն»,- նշել է նախարարը` հավելելով, որ այս պահին մշակվում է  երկու օրինագիծ, որոնք նպատակ են հետապնդում ուսանողների համար նախատեսվող սոցիալական փաթեթը դարձնել առավել նպատակային ու հասցեական: Առաջինը` օրենքով է սահմանվելու վարձավճարների վերին շեմ, երկրորդ` հստակ սահմավելու են այն սոցիալական խմբերը, ովքեր կարող են ամրագրված չափով ուսման վարձավճարի զեղչ ստանալ: «Նախկինում կիրառվող զեղչի չափը որոշվում էր բուհի կողմից, որը առանձին դեպքերում դժգոհությունների տեղիք էր տալիս: Իսկ այժմ հստակ ամրագրվում է կոնկրետ չափ, որը պարտադիր կկիրառվի»,- տեղեկացրել է նախարարն ու նշել, որ պատրաստ է օրինագծի վերաբերյալ լսել նաև երիտասարդների առաջարկները:
Երիտասարդները առաջարկ են ներկայացրել բուհերին հարկային արտոնություն տալու վերաբերյալ, ինչը նրանց կարծիքով հնարավորություն կընձեռի, որպեսզի բուհերը վերանայեն բարձրացված վարձավճարները: ՀՀ ԿԳ նախարարը պարզաբանել է, որ թեև Հայաստանի առաջատար բուհերը, որպես կանոն ընդգրկված են լինում հանրապետությոն 1000 խոշոր հարկատուների ցանկում, սակայն նրանց հարկային վճարումների կառուցվածքում  մեծ տեղ են գրավում սոցիալական վճարները` շուրջ 80 տոկոս: «Բուհերն ազատված են ավելացված արժեքի հարկից, հողի և գույքի հարկից, իսկ սոցվճարները շատ են, քանի որ նրանք ունեն մեծաթիվ աշխատակազմ` միջինից   բարձր աշխատավարձով, ինչից էլ գոյանում են սոցվճարների մեծ գումարները: Իսկ սոցվճարը դա այն գանձումն է, որը հնարավոր չէ   չիրականացնել, քանի որ այդ գումարների հաշվին այդ նույն  մարդիկ հետագայում կենսաթոշակ են ստանում»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ  պատրաստ է խնդիրը նորից քննարկել, եթե   առաջարկվեն արդյունավետ լուծումների  տարբերակներ:
Միաժամանակ, ըստ Ա. Աշոտյանի` կառավարության և նախարարության խնդիրն է ուսանողներին առաջարկել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի նրանց համար սոցիալական խնդիրը խոչընդոտ չհանդիսանա բարձրագույն կրթության իրավունքի իրացման համար: Նախարարը նշել է, որ գալիք տարի նախատեսվում է  պետության համար գերակա նշանակություն ունեցող մասնագիտությունների համար 400-800-ով ավելացնել պետպատվերի տեղերը: 
Նախարարը նաև շեշետել է, որ  վաղուց պետությունն  ավելի բարձր գին է վճարում բուհերին` պետպատվերի տեղերի համար, քան վճարովի հիմունքով սովորող ուսանողը: Անդրադառնալով հարցին, թե որքանով են բուհերը նպատակային տնօրինում ուսման վարձավճարները, նախարարը նշել է, որ ուսանողների իրավունքն է պահանջել, որպեսզի բուհերի բյուջեները դառնան առավել թափանցիկ, իսկ նախարարությունը պատրաստ է այս հարցում աջակցել երիտասարդներին: 




Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։