Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադա

2013-08-09

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2013 թվականի օգոստոսի 9-15-ը սփյուռքահայ դպրոցականների համար Հայաստանում կազմակերպում է միաժամանակ երկու աշակերտական միջոցառում` Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադա և Հայ առաքելական եկեղեցու պատմության մրցույթ:
Միջոցառումների նպատակն է` խթանել և խրախուսել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայ մշակույթի իմացությունը սփյուռքի հայկական դպրոցներում, հնարավորություն տալ այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներին առողջ մրցակցության պայմաններում դրսևորել իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները՝ նպաստելով առավել շնորհալի պատանիների հայտնաբերմանը:   
Օլիմպիադային և Հայ առաքելական եկեղեցու պատմության մրցույթին կարող են մասնակցել 14-18 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների /այդ թվում` միօրյա/ սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:
Օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից: Հայերեն լեզվին չտիրապետող կամ օտարազգի մասնակիցներն ազատվում են հայոց լեզվին վերաբերող հարցերից, սակայն հայ գրականության պատմության իմացության պահանջը մնում է ուժի մեջ:
Հայոց եկեղեցու պատմության մրցույթն անցկացվելու է առանձին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։