Ավարտվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյակը
2013-07-30
Երևանի թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջում տեղի է ունեցել Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման 2013թ. ծրագրի փակման և վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին, նշել է, որ գովելի կլիներ, եթե վերջիններս էլ իրենց մասնագիտական և մանկավարժական փորձը փոխանցեն Հայաստանի իրենց գործընկերներին:
«Ոչ միայն դուք, այլ նաև մենք ձեզանից սովորելու շատ բան ունենք»,-ընդգծել է նախարարի տեղակալը` կոչ անելով տարբեր համայնքների ներկայացուցիչներին` ավելի ակտիվ մասնակցություն ունենալ վերապատրաստման դասընթացներին:
Նշենք, որ այս տարի Հայաստանում վերապատրաստվել են 26 ուսուցիչներ` աշխարհի 13 երկրներից` Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Վրաստանից, Ուկրաիանայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Գերմանիայից, Լատվիայից, Բուլղարիայից, Ուրուգվայից, Կանադայից: Ռուսաստանից ներկա են գտնվել 6 տարբեր կրթօջախների ներկայացուցիչներ:
Ուսուցիչները վերապատրաստվել են հինգ ուսումնական խմբերում` մակապարտեզի, մեկօրյա դպրոցների, դպրոցների կառավարման, լրացուցիչ կրթության կազմակերպման, լրացուցիչ կրթության կազմակերպման վերապատրաստողների վերապատրաստման: