Մհդ. Իսսամ Նայալ. «Հայաստանի դիրքորոշումն արժանի է ամենայն հարգանքի և գնահատականի»

2013-07-24

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ. Իսսամ Նայալին: Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ Սիրիայի և Հայաստանի ժողովուրդներին կապում են բազմադարյա քաղաքակրթական ընդհանրությունները: Ըստ Արմեն Աշոտյանի` Սիրիան մեր երկրի կարևորագույն գործընկերներից է` կրթական համագործակցության առումով, մասնավորապես, արաբերեն լեզվի և մշակույթի ուսումնասիրության բնագավառում: 
Այդ համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ մինչև հայտնի ճգնաժամային իրավիճակը, 40 հայ երիտասարդներ սովորում էին Սիրիայի բուհերում` միաժամանակ ընդգծելով, որ ՀՀ բուհերը ևս գրավիչ են ինչպես սիրիահայերի,  այնպես էլ արաբ ուսանողների համար: Ներկայումս էլ միջպետական համաձայնագրի շրջանակում Հայաստանում իրենց կրթությունը շարունակում են Սիրիայի բազմաթիվ քաղաքացիներ:  Ա. Աշոտյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունն արտոնել է սիրիական ծրագրով «Կիլիկյան» վարժարանի գործունեությունը, ինչպես նաև արտոնություններ սահմանել սիրիահայ ուսանողների համար: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ճգնաժամից հետո հնարավոր կլինի շարունակել կրթական համագործակցությունը, մասնավորապես, կնքել դիպլոմների փոխճանաչման մասին համաձայնագիր: «Հայաստանի բուհերում կրթության որակը վերջին տարիների զգալի փոփխությունների է ենթարկվել, և գրեթե բացառվել են նախկինում երբեմն ծագող խնդիրները, այդ թվում նաև` օտարերկրյա ուսանողների կրթության որակի հետ կապված»,-նշել է Ա. Աշոտյանը:
Մհդ. Իսսամ Նայալին իր հերթին նշել է, որ ուրախ է գտնվել բարեկամ երկրում` շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը` Սիրիայի քաղաքացիներին տրված արտոնությունների համար: «Այդ աշակերտները և ուսանողները Սիրիայի քաղաքացիներ են, և մենք հպարտանում ենք նրանցով: Ապագա սերունդներն են կերտում ազգի և պետության ապագան: Սիրիայի հայերն ապացուցեցին իրենց հավատարմությունը Սիրիայի պետությանը ճգնաժամային այս պայմաններում, և ես հուսով եմ, որ նրանք սպասում են իրենց վերադարձին Սիրիա: Հայաստանի դիրքորոշումն արժանի է ամենայն հարգանքի և գնահատականի: Հպարտ ենք հարուստ մշակույթ և ավանդույթներ ունեցող հայ ժողովրդի բարեկամությամբ: Հայաստանը Սիրիայի հավատարիմ ընկերն է, և հուսով եմ, որ մեր երկիրը կհաղթահարի ճգնաժամն իր ժողովրդի, բանակի և իր բարեկամ երկրների շնորհիվ»,-նշել է Մհդ. Իսսամ Նայալին` միաժամանակ հավաստիացնելով, որ տեղյակ է վերջին տարիներին արձանագրված Հայաստանի կրթության որակի բարձր մակարդակից:
Ի պատասխան` Արմեն Աշոտյանը նշել է, որ միմիայն Սիրիայի ժողովուրդն է իր ապագայի կերտողը: Նախարարը խաղաղություն,  համբերություն և ուժ է մաղթել Սիրիայի ժողովրդին`  հաղթահարելու առկա դժվարությունները: Ա. Աշոտյանը հույս է հայտնել, որ Սիրիայում կվերահաստատվի խաղաղություն և իր ողջ ծավալով կվերականգնվեն ամբողջ գիտակրթական կապերը, այդ թվում` կվերագործարկվի Հալեպի համալսարանի հայագիտական կենտրոնը:
Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է նոր ուսումնական տարում միասին այցելել «Կիլիկյան» վարժարան, ինչպես նաև հանդիպում ունենալ սիրիացի ուսանողների հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։