Ռումինիայի դեսպան. «Ես ընդմիշտ կմնամ Հայաստանի ընկերը»

2013-07-12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ  և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` համատեղ աշխատանքի համար` ընդգծելով, որ այս ընթացքում հաջողությամբ իրականացվել են մի շարք կրթական և գիտական նախագծեր: Մասնավորապես, համատեղ ջանքերով երկրորդ շունչ է հաղորդվել Բուխարեստում հայոց լեզվի ամբիոնի աշխատանքներին, ստորագրվել է գիտության
ոլորտում համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իրականացվել են համատեղ գիտական նախագծեր, ինչպես նաև ակտիվացել են միջբուհական և միջուսանողական կապերը: Արմեն Աշոտյանի խոսքով` հատկանշական է, որ Ռումինիայից հետո Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունն անցել է Հայաստանին, որից հետո ամիսներ շարունակ ռումինացի կոլեգաներն օգտնել են իրենց հայ գործընկերնին` համաեվրոպական կարևորության նախագիծը հաջողությամբ իրականացնելու համար:
Տիկին Պրունարիուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության 6.5 տարիների ընթացքում հասցրել է սիրել Հայաստանը և նրա ժողովրդին: «Ես ընդմիշտ կմնամ Հայաստանի ընկերը»,-նշել է դեսպանը` ընդգծելով, որ իր ամենաամեծ հաջողությունը համարում է կրթության և մշակույթի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը: Ըստ տիկին Պրունարիուի` ցանկացած հաջող հարաբերության համար պարտադիր պայման է երկողմանի հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը:  «Շնորհակալություն, որ սիրեցիք մեր երկիրը. ես հույս ունեմ, որ Ձեր լավ հուշերը կպահպանեք ողջ կյանքի ընթացքում: Համաձայն եմ. եթե կա երկուստեք շահագրգռվածություն, արդյունքներն ակնհայտ  են: Կրթության և մշակույթի ոլորտներն իրականում ամենաարագն են մերձեցնում երկու ժողովուրդներին, որն էլ իր հերթին խթան է հանդիսնում նաև տնտեսական և քաղաքական համագործակցության համար»,-նշել է Արմեն Աշոտյանը` հույս հայտնելով, որ լավ ավանդույթների վրա ձևավորված համագործակցությունն առաջիկայում ավելի ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվի:
Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը կրթության ոլորտում հայ-ռումինական կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում ունեցած ավանդի համար տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուն պարգևատրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։