Հայ ուսանողը ճանաչվել է լավագույն մասնակից
2013-07-09
Հայաստանի պատվիրակությունը` որպես ասոցացված անդամ, հուլիսի 2-7-ը մասնակցել է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված «Համաշխարհային հմտություններ-2013» մրցույթին, որն անցկացվում է երկամյա պարբերականությամբ: Այս տարի մրցույթին մասնակցել է աշխարհի շուրջ 50 երկրի ավելի քան 2500 մասնակից: Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է երեք մասնագիտությամբ` ոսկերչություն, կար ու ձև, խոհարարություն: Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի ոսկերչության բաժնի ուսանող Արամ Ավետիսյանը մրցույթում արժանացել է «Երկրի լավագույն մասնակից» մրցանակին:
Հայազգի ոսկերչին 4 օր էր տրամադրվել` Բրազիլիայի ներկայացրած զարդը՝ World skills-ի լոգոն պատրաստելու համար:
«Համաշխարհային հմտություններ» հաջորդ մրցույթը կանցկացվի 2015 թվականին, Բրազիլիայում:
Հայաստանի պատվիրակները Գերմանիա էին մեկնել` անցած տարի կազմակերպված «Համաշխարհային հմտությունները Հայաստանում» ազգային մրցույթի ամփոփումից հետո, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մասնագիտական կրթության ուսուցման զարգացման ազգային կենտրոնը:
Հայաստանի պատվիրակությանն աջակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը/GIZ/: