«Ոսկե հուշամեդալ»՝ վաստակաշատ ուսուցչուհուն
2013-07-04
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» է պարգևատրվել անգլերեն լեզվի ուսուցիչուհի Անահիտ Դարբինյանը՝ կրթության ոլորտում ներդրած ավանդի, մանկավարժական գործունեության 50-ամյա հոբելյանի և ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Վաստակաշատ ուսուցչուհուն այսօր պարգևը հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Նա շնորհակալություն է հայտնել Անահիտ Դարբինյանին՝ տարիների վաստակի համար՝ ընդգծելով.
«Ձեր սերնդի ուսուցիչներին ընդմիշտ պարտական ենք, որովհետև Ձեր դաստիարակած սերունդն էր, որ իրականություն դարձրեց մեր ժողովրդի վաղեմի երազանքը՝ անկախ պետություն ունենալու, և կերտեց մեր պատմության հերոսական էջերից մեկը՝ Արցախի հաղթանակը»:
Անահիտ Դարբինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարությանը՝ ցուցաբերած վերաբերմունքի ու գնահատականի համար: