Ա. Աշոտյան. «Այս տարի ևս բուհերի ընդունելության քննություններն անցել են աննախադեպ հանգիստ մթնոլորտում»
2013-07-03
Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում մեկ հարց էր՝ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների նախնական արդյունքների ներկայացում և քննարկում»: Բացելով նիստը՝ նախարարը նշել է, որ այս տարի ևս բուհերի ընդունելության քննություններն անցել են աննախադեպ հանգիստ մթնոլորտում: «Հասարակության և ԶԼՄ-ների ուշադրությունը մեզ օգնում է մի կողմից ավելի լավ կազմակերպել քննական գործընթացը, մյուս կողմից՝ արձանագրում դրական միտումներ՝ գործընթացի կազմակերպչական և բովանդակային փոփոխություների արդյունքում:
Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը, ով հիմնականում ներկայացրել է քննությունների առաջին փուլի արդյունքները: Ըստ այդմ՝ քննությունները կազմակերպվել են 36 քննական կենտրոններում, որոնցից 11-ը՝ Երևանում: Առաջին փուլին մասնակցած դիմորդների ընդհանուր թիվը 14345 է, որը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ նվազել է: Ըստ ԳԹԿ տնօրենի՝ դա ունի մի քանի պատճառ, մասնավորապես, ավելացել է միջին մասնագիտական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը, ինչպես նաև հեռակա ուսուցման և արտասահմանյան բուհեր ընդունվողների քանակը: Հիվանդության պատճառով քննությունն ընդհատել է 5 դիմորդ, հեռացվել է 3-ը: Բողոքարկումների ընդհանուր թիվը 379 է, որից բավարարվել է 94-ը:












