Ա.Աշոտյան.«Եվրոպական կրթական միջավայրին ինտեգրումը տալիս է առավել շոշափելի արդյունքներ»
2013-07-02
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:Շնորհավորելով դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ, նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունը կրթության և գիտության ոլորտում զարգացում կապրի: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ անցյալ տարի Վիլնյուս կատարած այցի ընթացքում ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր, համաձայն որի՝ իրականացվում են մի շարք կրթական ծրագրեր:
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանին հետաքրքրում է Լիտվայի՝ հետխորհրդային կրթական համակարգից եվրոպականի անցումային փորձը, ինչպես նաև հաջողությամբ իրականացված մի շարք բարեփոխումներ:«Կրթությունը յուրահատուկ հարթակ է, որտեղ եվրոպական կրթական միջավայրին ինտեգրումը տալիս է առավել շոշափելի արդյունքներ», - նշել է նախարարը:Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ իր երկիրն Արևելյան գործընկերության շրջանակում իրականացվող համագործակցությունը հռչակել է որպես գերակա ուղղություն՝ կարևորելով այդ ուղղությամբ իրականացվող բոլոր ծրագրերը:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական համագործակցությանը, ուսանողների փոխանակմանը, կրթաթոշակի տրամադրման ընդլայնմանը,ինչպես նաև «Թուինինգ» և «Erasmus for all» ծրագրերին առնչվող հարցեր: