Նախարարն ընդունել է Հալլե-Վիտտենբերգի համալսարանի պատվիրակությանը

2013-06-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Գերմանիայի Հալլե-Վիտտենբերգի  համալսարանի պատվիրակությանը` արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գեսինե Ֆոլջանտի Ջոստի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև Հալեի համալսարանի պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը և Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Շտեֆան Ռաբանոսը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Հալլե-Վիտտենբերգի  համալսարանում գործող «Մաշտոց» կենտրոնի գործունեությանը` կարևորելով հայագիտության ուսումնասիրությունը ոչ միայն Գերմանիայի բուհերում, այլ նաև ողջ Եվրոպական Միության տարածքում: 

Նախարարն ընդգծել է, որ պետք է անել հնարավորը` հայոց և գերմաներեն լեզուների և միջմշակութային համագործակցության զարգացումը խթանելու համար:
Պրոֆեսոր Գեսինե Ֆոլջանտի Ջոստն իր հերթին նշել է, որ 2014 թվականին լրանում է հայ-գերմանական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, որի առթիվ նախատեսվում է մեծ գիտաժողով անցկացնել` հայ և գերմանացի գիտնականների մասնակցությամբ: Ըստ հյուրի` գիտաժողովը կարելի է նվիրել նաև Մեծ եղեռնի 100-ամյակի տարելիցին: Պրոռեկտորը նախարար Արմեն Աշոտյանին առաջարկել է Գերմանիա կատարած այցելության ընթացքում լինել նաև Գիտությունների ազգային ակադեմիայում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Ակադեմիական փոխանակման ծառայության /DAAD/, ինչպես նաև երկու երկրներում գիտական գործունեության, մասնավորապես, ատենախոսությունների պաշտպանության հետ կապված խնդիրներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։