«Որևէ անլուծելի խնդիր չի կարող լինել».նախարարն ընդունել է ՌԴ նորանշանակ դեսպանին

2013-06-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Ողջունելով հյուրին՝ Ա.Աշոտյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում աշխատանքի անցնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ռուսական կրթական համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը:«Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի համար կարևոր գործընկեր է ոչ միայն տնտեսության և ռազմական համագործակցության ոլորտում, այլև կրթական բնագավառում»,-շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը:
 Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել գործադրել բոլոր ջանքերը՝ ի նպաստ հայ-ռուսական կրթական համագործակցության զարգացման և  նշել, որ Հայաստան-Ռուսաստան հարբերությունները վաղուց արդեն հասել են այնպիսի մակարդակի, որ որևէ անլուծելի խնդիր չի կարող լինել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ կրթական ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ: Անդրադարձ է եղել Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի՝ որպես երկու երկրների միջև կրթական համագործակցության հաջողված օրինակի գործունեությանը և  ռուսական գիմնազիա հիմնելու ծրագրին: Նշելով, որ համալսարանը ապահովում է բավարար մակարդակի բարձրագույն կրթություն՝ ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է Սլավոնական համալսարանում հետազոտական և գիտական բաղադրիչի ներդրումն ու ամրապնդումը, որը  հնարավարություն կտա կրթության համակարգում բարձրացնել բուհի կշիռը: Ա. Աշոտյանը կարևորել է նաև  ՌԴ որոշ դպրոցներում հայերենի ուսուցման կազմակերպման խնդիրը՝ շեշտելով, որ այս հարցում Հայաստանն ակնկալում է պետական աջակցություն Ռուսաստանից: Դեսպանն ու նախարարը քննարկել են  նաև Հայաստանի դպրոցներում ռուսերենի դասավանդմանը, երկկողմ միջպետական համաձայնագրով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև մի շարք այլ աշխատանքային խնդիրների վերաբերող հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։