Ներդրումների հնարավորություններ` կրթության ոլորտում

2013-06-04

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների  ինստիտուտի /Դանիա/ պատվիրակությանը: Վերջիններս Հայաստան են ժամանել  մեր երկրի կրթական համակարգին, առաջարկվող ծառայություններին և ծրագրերին ծանոթանալու նպատակով: Հանդիպման ընթացքում հյուրերը նախարարին են ներկայացրել տվյալ բուհի գործունեությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել ակտիվ համագործակցել հայաստանյան բուհերի հետ` ընդհուպ մինչև բուհական կամպուս ստեղծելու հնարավորություն:
Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է միջբուհական կապերի զարգացման, մեր երկրի  բարձրագույն կրթության ոլորտում ներդրումներ կատարելու գործում: Որպես համագործակցության լավ օրինակ` Արմեն Աշոտյանը մատնանշել է հայկական որևէ տեխնիկական բուհի հետ կրկնակի դիպլոմներ կիրառելու հնարավորությունը` հավելելով, որ նշված  բուհերն ակտիվ համագործակցում են խոշոր ընկերությունների հետ` Սինոֆսիս, Վիվա–Սել և այլն: Ըստ նախարարի`  Հայաստանի բուհերում մեծ թիվ են կազմում նաև օտարերկրյա ուսանողները` Իրանից, Հնդկաստանից, Արաբական երկրներից, Ռուսաստանից, ինչպես նաև Սփյուռքից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի` առաջիկա երեք տարիներին Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնման և Երևանում նախարարական գագաթաժողովի անցկացման խնդիրներին: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։