Նոր, գեղեցիկ ավանդույթի սկիզբ
2013-06-01
Ամփոփվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթի արդյունքները: Այդ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ նախ տեղի է ունեցել երեխաների և կրթության ոլորտի ներկայացուցիչների օրհնության կարգ, իսկ հետո հաղթողներին հանձնվել են պարգևներ:
Կարևորելով նախաձեռնությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ նշել է, որ ՀՀ ԿԳՆ և Հայաստանյաց առաքելական եկեղեցու համագործակցությունն արդյունավետ է. «Սկիզբ է դրվում մի նոր, գեղեցիկ ավանդույթի՝ երեխաների պաշպանության միջազգային օրը նախադպրոցական հասատատության մեր անուշիկ զավակներին, նրանց դաստիարակներին ու տնօրեններին օրհնություն տալ Մայր Աթոռում, որպեսզի նրանք մեծ սիրով լծվեն մեր մատաղ սերնդի կրթման ու դաստիարակման աստվածահաճո գործին, որպեսզի մեր հայրենիքը լինի հզոր, ժողովրդն ապրի բարօր կյանքով»,- նշել է Վեհափառը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայ Առաքելական եկեղեցու հետ համագործակցելով՝ նախարարությունը մի շարք միջոցառումներ է իրականացնում, այդ թվում նաև «Լավագույն ուսուցիչ» անվանակարգով մրցույթ՝ տարբեր առարկաների համար. «Դպրոց-եկեղեցի-բանակ եռամիասնության գաղափարը կրթության համակարգի կարևորագույն բաղադրիչն է դարձել: Մենք իրականացնում ենք տարբեր համատեղ միջոցառումներ, սա հերթական նախաձեռնությունն էր»,- նշել է Ա. Աշոտյանը և շեշտել.-«Կրթական համակարգի և Մայր Աթոռի միջև տարիներ շարունակ ձևավորվել է շատ բեղուն համագործակցության ավանդույթ. գրեթե ամեն տարի մենք հանդես ենք գալիս մի նոր նախաձեռնությամբ: Դպրոցների դռները միշտ բաց են Հայաստանյաց առաքելական եկեղեցու բոլոր տեսակի կրթադաստիարակչական միջոցառումների և քրիստոնեաբարոյական արժեքների սերմանման համար»:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, համագործակցելով Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ, այս տարի առաջին անգամ կազմակերպել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթը՝ համաձայն հաստատված կարգի:
Մրցույթը, որին մասնակցել էին նախապես հայտ ներկայացրած 44 տնօրեն և 76 դաստիարակ, անցկացվել էր մայիսի 25-ին, մարզկենտրոններում և մայրաքաղաք Երևանում: Գրավոր և բանավոր փուլերի արդյունքում որոշվել են լավագույն տնօրեններն ու դաստիարակները յուրաքանչյուր մարզից և Երևանից` 11 տնօրեն և 11 դաստիարակ:
Լավագույն տնօրեն ճանաչված մանկավարժների ղեկավարած նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջ 600 սաներ ևս հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ, հյուրընկալվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: