«Վերջին դասը»` նախարարի մասնակցությամբ

2013-05-24

Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօր տոն է` 2013 թվականի շուրջ 30 հազար շրջանավարտների վերջին դասը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոց: Շնորհավորելով շրջանավարտներին, մանկավարժներին և ծնողներին տոնի առթիվ` նախարարը նշել է. «Սիրելի’ աշակերտներ, ձեր առջև բացել են վարագույր և կյանքի ճանապարհ են տվել ձեր ուսուցիչները, որոնց ձեր երախտագիտության և սիրո խոսքեր ենք ուղղում այսօր:
Հազարավոր մանկավարժներ իրենց աշխատանքի պտուղն են քաղում, և այսօր իրականում մանկավարժական բերքահավաք է` այսքան երջանիկ երիտասարդ մարդկանց: Մաղթում եմ, որ ձեր դեմքերին միշտ ժպիտ և ուրախություն դաջված լինի, որը ձեզ զարդարում է այսօր, կյանքի նկատմամբ լավատեսությունն ուղեկցի ձեզ ողջ կյանքի ընթացքում: Ես ուզում եմ, որ դուք սիրեք մեր երկիրը` անկախ նրանից` ինչ ճակատագիր է ձեզ սպասվում, յուրաքանչյուրիդ առջև բացված ճանապարհն անպայման իր մեջ ունենա սեր դեպի հայրենիք, և, անկախ նրանից` ինչպիսի մասնագիտական և անձնական կյանքի ուղի կընտրեք, ուզում եմ հասկանաք, որ այս երկիրը ձեր երկիրն է, որ ձեր ապագան մեր երկրում է, և մեր երկրի ավելի լավ լինելը կախված է միմիայն ձեզանից: Այո, երկրի ճակատագիրը կախված է իր ժողովրդից, իսկ ժողովուրդը դուք եք: Հուսով եմ, որ այսօրվա հանդիսությունը, որպես հիշողություն, կփայփայեք ձեր ողջ կյանքի ընթացքում»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և տեղակալ Մանուկ Մկրտչյանը մասնակցել են նաև դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։