ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ
2013-05-23
Շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ:
Դուք այսօր հրաժեշտ եք տալիս արդեն հարազատ դարձած կրթօջախին` թողնելով այնտեղ ձեր պատանեկության անմոռանալի տարիները: Միաժամանակ հրաժեշտ եք տալիս ուսուցիչներին, որոնց սերն ու հոգատարությունը հիշելու եք մշտապես: Դուք թևակոխում եք կյանքի այնպիսի շրջան, որտեղ ձեզանից պահանջվելու է լինել առավել պատասխանատու և խոհեմ:
Սիրելի´ ուսուցիչներ, տարիներ շարունակ դուք դեպի կյանք եք ուղղորդել տասնյակ սերունդներ: Այսօր էլ հրաժեշտ եք տալիս դպրոցական ուսումնառության առաջին իսկ օրից հարազատորեն փայփայած, կրթած ու դաստիարակած ձեր սաներին:
Ցանկանում եմ, որ նրանք դառնան թե´ հարազատ դպրոցի, թե´ մեր պետության ամուր հենասյունը և իրենց ապագա հաջողություններով ու ձեռքբերումներով հպարտությամբ լի պահեր պարգևեն մանկավարժի բարձր կոչմանը հավատարիմ իրենց ուսուցիչներին:
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանում, հեռավոր Սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին այս անմոռանալի օրվա կապակցությամբ և մաղթում անսահման երջանկություն ու հաջողություններ:












