Գիտելիքի խրախուսում

2013-05-20

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ամփոփվել են 2012-13 ուսումնական տարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների արդյունքները: Հաղթողներին ողջունել և մրցանակներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, նշել է, որ այս տարի աշակերտներն աննախադեպ բարձր մասնակցություն են ցուցաբերել օլիմպիադաներին, ընդ որում` բոլոր առարկաների գծով: «Գոհունակությամբ պետք է նշել, որ այս տարի մեծ է նաև մարզային դպրոցների մասնակցությունը և այն երեխաների քանակը, ովքեր առաջին անգամ են մասնակցում օլիմպիադաներին:
Անկախ նրանից, որ համակարգում առկա են բազմաթիվ դեռևս ամբողջությամբ չլուծված խնդիրներ, որ հասարակությունը պարբերաբար իր դժգոհությունն է հայտնում կրթության որակի նկատմամբ, սակայն իրականում հանրակրթական ոլորտում մենք ունենք կրթության ընկալելի մակարդակ, փայլուն երեխաներ, հրաշալի ուսուցիչներ, իրականում  լավ դպրոցներ, որոնք պատիվ կբերեն յուրաքանչյուր երկրի: Մենք, իհարկե, կարող ենք ասել, որ դա մեր ազգի բնատուր տաղանդն է ՝ սովորել, ծնողների ցանկությունն է` երեխայի համար ստեղծել լավագույն պայմանները` կրթություն ստանալու համար, բայց կարծում եմ, որ այստեղ պետությունն էլ ունի իր լուրջ ներդրումը և անտեսել պետական հոգածության արդյունքները, բարեփոխումների առաջին դրական պտուղները, մեր գործունեության արդյունավետությունը, մեղմ ասած` այդքան էլ ազնիվ չէ»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ հանրապետական օլիմպիադաների բոլոր հաղթողները ցանկացած երկրում կարող են բարձր պահել Հայաստանի պատիվը: Նախարարը նաև նշել է, որ հանրապետական փուլի հաղթողներից են կազմվում միջազգային օլիպիադաների հավաքականները, որոնք, ըստ Արմեն Աշոտյանի, վերջին տարիներին բացառապես ձևավորվում են աշակերտների հնարավոր հաջողություններից և վերջիններիս առաջադիմությունից: «Օլիմպիադաները տարեցտարի դառնում են առավել օբյեկտիվ, կիրառվում են գիտելիքների ստուգման նոր մեթոդներ: Ցանկանում եմ նաև նշել, որ մեզ համար չկան առաջին և երկրորդ կարգի օլիմպիադաներ. բոլորը  մեզ համար նույն նշանակությունն ունեն, եթե չասեմ ավելին` հայագիտական  և «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկաներից անցկացվող օլիմպիադաները հատուկ ուշադրության են արժանանում»,-ընգծել է նախարարը` հավելելով, որ օլիմպիադաներն անցկացվում են ՀՀ բուհերի, ՀՀ  գիտությունների ազգային ակադեմիայի, Մայր Աթոռի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում: Օլիմպիադայի մասնակիցներին ողջունել և հաջողություն են մաղթել նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
Նշենք, որ դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների արդյունքում 16 առարկաների գծով առաջին կարգի մրցանակի է արժանացել 73 աշակերտ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։