Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի պատասխանատուների հետ
2013-05-17
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության գիտության առաջընթացին և կադրային ներուժով համալրման գործընթացին, ինչպես նաև աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը:
Այսօրվա հանդիպմանը ԵԳԱԾ պատասխանատուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են 2012թ. հուլիս - 2013թ. ապրիլ ժամանակահատվածում ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները, խոսել ընթացիկ աշխատանքների և հետագա ծրագրերի մասին: Ընդգծելով, որ ծրագրի օգտակարությունն անվիճելի է, Նախագահն առաջարկել է երիտասարդ գիտնականներին հետագայի համար մշակել նաև ծրագրի դինամիկան և արդյունավետությունը գնահատող համակարգ: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել օժանդակությունը ԵԳԱԾ-ին և 2013 թվականի համար կրկին հատկացնել 100 մլն. դրամ: Նախագահը հանձնարարել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարին` հաջորդ տարի պետական բյուջեով նախարարությանը հատկացվելիք միջոցներից ևս 100 մլն. հատկացնել այս ծրագրին՝ այդպիսով կրկնապատկելով ծրագրի միջոցները:
Երիտասարդ գիտնականները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին իրենց խնդիրների նկատմամբ ուշադրության և օժանդակության համար՝ խոստանալով տարեցտարի ավելացնել ծրագրերը, դրանց արդյունավետությունն ու շահառուների քանակը:












