Ընթերցող երեխան՝ միջավայրի հերոս
2013-05-15
«Ընթերցման» օլիմպիադայի առաջին փուլը կայացել է նոյեմբերին, որին մասնակցել են շուրջ 10 հազար աշակերտներ հանրապետության տարբեր դպրոցներից: Օլիմպիադան անցկացվել է 6-րդ դասարանցիների շրջանում: Եզրափակիչ փուլում մրցել են 33 աշակերտներ, որոնցից էլ մասնագիտական մրցատյանի կողմից ընտրվել են հաղթողները: «Ընթերցման» օլիմպիադայի ընթացքում ժյուրին գնահատել է աշակերտների սահուն ընթերցելու, ճիշտ հնչողությամբ և շեշտադրմամբ կարդալու կարողությունը: Ժյուրիի անդամ, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ եզրափակիչ փուլում երեխաները նախ ընթերցել են իրենց նախընտրած ստեղծագործությունը, այնուհետև արդեն՝ ժյուրիի կողմից առաջարկված ստեղծագործությունը:
Հաղթող է ճանաչվել Մարիա Նավասարդյանը: Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են համապատասխանաբար Սաթենիկ Միրաքյանն ու Ալեն Սարգսյանը: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, ինչպես նաև հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով: Հաղթողը ստացել է Հռոմ մեկնելու ուղեգիր՝ ծնողներից մեկի ուղեկցությամբ:
Մրցույթը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունների և «Անտարես» հրատարակչության կողմից: Նախաձեռնությանը աջակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև մի շարք մասնավոր կազմակերպություններ: Մրցանակներ են ստացել նաև եզրափակիչ փուլին մասնակցող երեխաների դպրոցները: Կազմապերպիչների խոսքով՝ «Ընթերցման» օլիմպիադայի հիմնական գաղափարը ընթերցող երեխային շրջապատի, միջավայրի, համայնքի հերոս դարձնելն է եղել:












