Քննարկվել են կրթության բարեփոխումներին առնչվող հարցեր

2013-05-08

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի կրթական թիմի ներկայացուցիչներ Ֆրանցիսկո Մարմոջելոյին և Սաչիկո Կատաոկային: Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդդգծել է, որ Համաշխարհային բանկը Հայաստանի  կրթական բարեփոխումների կարևոր գործընկերներից է: Միաժամանակ Ա. Աշոտյանը հույս է հայտնել, որ  ՀԲ-ի աջակցությամբ ընթացող բարեփոխումները կլինեն շարունակական:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել է ՀԲ-ի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրին և այս օրերին Երևանում ընթացող միջազգային համաժողովում ներկայացված «Կառավարման խնդիրների լուծումը՝ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների կենտրոնում» զեկույցին:ՀԲ ներկայացուցիչների գնահատամամբ՝ Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումների արդյունքները դրական են, դինամիկ տեղաշարժը ակնհայտ է  հատկապես բարձրագույն կրթության ոլորտում: Այս համատեքստում կարևորվել է 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը: Նախարարը նշել է, որ Հայաստանն անցում է կատարում բարձրագույն կրթության ոլորտի երրորդ փուլի բարեփոխումներին, որի հիմնական թիրախներից մեկը  բուհական համակարգի կառավարման ռեֆորմներն են, մասնավորապես բարձրագույն ուսումնական հաստատությունների նոր, առավել արդյունավետ կազմակերպաիրավական կարգավիճակի ընտրությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ ծրագրերին առնչվող մի շարք այլ խնդիրներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։