Ա. Աշոտյան. «Արմատական քայլերի համար նախարարությունն ու բուհերն ունեն բավարար ներուժ և անհրաժեշտ քաղաքական կամք»

2013-05-07

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է «Բարձրագույն կրթության բարեփոխումներ» թեմայով միջազգային համաժողովի բացմանը: Ողջունելով մասնակիցներին՝ Ա. Աշոտյանը բացման խոսքում անդրադարձ է կատարել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում ընթացող բարեփոխումներին ու առկա խնդիրներին: «Ակնհայտ է, որ այսօր կրթական համակարգն աշխարհում, մասնավորապես Եվրոպայում, բուռն զարգացում է ապրում և Հայաստանը չի կարող անմասն մնալ այդ գործընթացից:
Բարձրագույն կրթության զարգացման այժմյան միտումները մի կողմից ապահովում են նոր հնարավորություններ, մյուս կողմից առաջադրում նոր մարտահրավերներ: Բուհերը կրթական  համակարգի ամենամիջազգայնացված հաստատություններն են և նրանք ամենաակտիվն են զգում արտաքին գործոնների ազդեցությունը: Ակնհայտ է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում մենք բուհական համակարգ-աշխատաշուկա արդյունավետ համագործակցության խնդիր ունենք: Ունենք դեռևս խնդիրներ՝ կապված բուհերի ինքնավարության, ակադեմիական ազատությունների ու ինստիտուցիոնալ ինքնավարության հետ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Ա. Աշոտյանի խոսքով նախկին իներցիայով Հայաստանում «պետական բուհ» հասկացողությունը շարունակում է պահպանել  առօրեկան  նշանակությունն ու որոշակի կարգավիճակը իրավական ասպարեզում: «Սակայն հետևելով հատկապես եվրոպական կրթական համակարգի զարգացումներին՝ մենք պատրաստ ենք և արդեն որոշակի քայեր այդ ուղղությամբ կատարել ենք՝ ընդլայնելու բուհերրի ինքնավարության աստիճանը, այդ թվում կիրառել կազմակերպաիրավական ձևերի բազմազանություն՝ վերածելով պետական բուհերը հանրային կամ ազգային ուսումնական հաստատությունների: Բայց դա հնարավոր է միայն բուհական համակարգում կառավարման բարձր որակի և ճշգրիտ մոդելների ներդրման և հանրության կողմից տվյալ բուհերի նկատմամբ արժանահավտության բարձր աստիճան ունենալու դեպքում»,- մասնավորապես նշել է  Ա. Աշոտյանը:
Նախարարի պաշտոնակատարի գնահատմամբ 2005 թվականից՝  Հայաստանի Հանարապետության Բոլոնիայի գործընթացի անդամակցումից առ այսօր մեր երկրի բուհական համակարգը միջազգային ճանաչման  առումով ակնհայտ առաջընթաց է ունեցել և այսօր Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների համար համարվում է արժանահավատ  և վստահելի գործընկեր: Որպես ասվածի հիմնավորում՝ Ա. Աշոտյանը նշել է 2012 թվականին ՀՀ-ի կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձնումը:
«Սա մեզ համար պատիվ է, որը մեր երկիրը վաստակել է  հետևողական բարեփոխումների արդյունքում: Կրթական բարեփոխումները իրականացվել և իրականացվում են մեծ դժվարություններով: Մեր հասարակությունը շատ զգայուն է կրթական ոլորտում ընթացող ցանկացած գործընթացի հանդեպ, և չկա գեթ մեկ հարց կամ խնդիր, որի վերաբերյալ մասնագիտական հանրույթը 100 տոկոսով միատեսակ մոտեցում ունենա: Կրթության ոլորտի քաղաքականությունն իրականացնող գերատեսչությունը հաճախ  ստիպված է լինում մեկտեղել հակասական և իրարամերժ մոտեցումներր, ինչն իր հերթին կրթական բարեփոխումների արդյունավետության տեմպը նվազեցնում է: Ինքս կողմնակից եմ,  բարձրագույն կրթության ոլորտում մոտակա 2 տարիներին գնալ ավելի արմատական քայլերի: Նման վճռականության համար կրթության և գիտության նախարարությունն ու բուհերը ունեն բավարար ներուժ և անհրաժեշտ քաղաքական կամք: Բարձրագույն կրթության համակարգի կառավարման առողջացման ծրագիրը բեկումնային և կտրուկ քայլերի անհրաժեշտություն ունի»,- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաև Համաշխարհային բանկի կրթական թիմի / ղեկավար Սաչիսկո Կատաոկա/  կողմից պատրաստված «Կառավարման խնդիրների լուծումը՝ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների կենտրոնում» զեկույցը: 
«Բարձրագույն կրթության բարեփոխումներ» թեմայով միջազգային համաժողովին մասնակցել են կրթության ոլորտի միջազգային ու տեղական փորձագետներ, քննարկվել են Բոլոնիայի գործընթացին, Հայաստանում և Բոլոնիայի գործընթացին անդամակցող երկրներում բուհերի ակադեմիական ազատություններին և կառավարմանն առնչվող մի շարք խնդիրներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։