Հայաստանում անցկացվել է գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օր
2013-05-06
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ տեղի են ունեցել գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օրվան նվիրված միջոցառումներ: Պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Թեև գերմաներենը Հայաստանում ամենամեծ տարածում ունեցող օտար լեզուն չի համարվում, սակայն ըստ Ա. Աշոտյանի՝ այն գնալով ավելի լայն տարածում է գտնում. «Այսօրվա միջոցառումը հերթականն է՝ ուղղված Հայաստանում գերմաներեն լեզվի և մշակույթի տարածմանը:
Վերջին տարիներին Գերմանիայի դեսպանատան հետ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանում ընդլայնել գերմաներենի ուսուցման ծավալները՝ Հայաստան ներմուծելով գերմանախոս աշխարհի մշակույթն ու կրթական ծրագրերի պահանջարկը»,–նշել է նախարարի պաշտոնակատարըÖ‰ Որպես համագործակցության հաջողված արդյունք՝ Արմեն Աշոտյանը նշել է Երևանում Գյոթեի ինստիտուտի լեզվի ուսուցման կենտրոնի բացումը, միաժամանակ հույս հայտնելով, որ գերմանական կողմը ջանքեր կգործադրի, որպեսզի մոտ ապագայում Հայաստանում բացվի նաև Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղը: Ա. Աշոտյանը բարձր է գնահատել Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD)-ի աջակցությամբ իրականացվող կրթական ծրագրերը՝ շեշտելով, որ Գերմանիան Հայաստանին կրթաթոշակային տեղեր հատկացնող երկրորդ երկիրն է՝ Ռուսաստանից հետո: DAAD-ի կողմից 2012 թվականին ավելի քան 285 հայ երիտասարդների շնորհվել է կրթաթոշակ` ապահովելով ամենաբարձր կրթաթոշակային ցուցանիշը: «Ակնհայտ է, որ այսօր մի քանի անգամ ավելի ուսանողներ են հնարավորություն ստանում սովորել Գերմանիայի համալսարաններում, քան հինգ տարի առաջ»,- նշել է Ա. Աշոտյանը: Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրին (DAAD)-ին՝ Հալլե-Վիթենբերգի համալսարանում գործող Մ. Մաշտոցի անվան հայագիտական կենտրոնի գործունեությանն աջակցելու համար: «Վստահ եմ, որ Հալլե-Վիթենբերգի համալսարանի Մ. Մաշտոցի անվան հայագիտական կենտրոնը կմնա հայ-գերմանական մշակութային բարեկամության առաջամարտիկը»,- շեշտել է Ա. Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում հայաստանյան դպրոցներից մեկն ու Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ նահանգի մի դպրոց կհամագործակցեն:
Գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օրը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ՝ DAAD տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ: