Հայ-հնդկական կրթական համագործակցություն

2013-04-17

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիին: Ա. Աշոտյանը ողջունել և շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ հույս  հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-հնդկական կրթական համագործակցության ամրապնդմանը:Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են հայ և հնդիկ ժողովուրդների պատմական բարեկամությանը` նշելով, որ կրթությունը երկկողմ հարաբերություններում համագործակցության ավանդական ոլորտներից է:
 
Քննարկելով  կրթական համագործակցության ծրագրերը՝ կարևորվել են հատկապես բարձրագույն կրթության ոլորտում փոխադարձ կրթաթոշակային ծրագրերը: Որպես հաջողված փորձ՝ մատնանշվել է Մ. Հերացու անվան  պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությունը: Դեսպանն ընդգծել է, որ ներկայումս   Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մոտ 700 հնդիկ ուսանողներ ստանում են մրցունակ բժշկական կրթություն, իսկ  մինչ այդ սովորած ուսանողները արդեն համալրել են Հնդկաստանի  առողջապահության համակարգը:
Դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենին կարևորել է, որ Երևանի լեզվաբանական համալսարանում հնդկերենի ամբիոնի զարգացման, ինչպես նաև հնդկական մշակույթի և լեզվի նոր կենտրոնների հիմնադրման խնդիրը, նշելով, որ այս հարցի հետ կապված ակնկալում է ՀՀ ԿԳՆ աջակցությունը: Ա. Աշոտյանը շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստակամ է նպաստելու նման կենտրոնների բացմանն ու զարգացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև դիպլոմների  փոխճանաչմանը, ուսանողների փոխանակման  և մի շարք այլ ծրագրերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։