Հայաստան-Ուկրաինա` նոր հեռանկարներ

2013-04-15

Ավարտվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի եռօրյա այցը Ուկրաինա, որի ընթացքում նախարարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկի հետ: Քննարկման օրակարգում են եղել կրթական համագործակցության ընդլայնման և երկկողմանի հարաբերությունների խորացման հարցերը` հատկապես միջբուհական համագործակցության ոլորտում: Կողմերը ներկայացրել են երկու երկրներում ընթացող կրթական բարեփոխումների ընթացքը և կուտակած փորձը:
Քննարկվել են նաև երկու երկրների միջև կապերի ամրապնդման հարցերը միջազգային կրթական հարթակներում, մասնավորապես, ԱՊՀ և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքներում: Հանդիպման ընթացքում կարևորվել է Արևելյան Գործընկերության շրջանակում առավել համաձայնեցված աշխատանքի անհրաժեշտությունը: Նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել` Ղրիմի մի շարք դպրոցներում հայերենի դասավանդումն ապահովելու և իրականացնելու համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել՝ աջակցելու վերոնշյալ ծրագրի հետագա ընդլայնմանը: Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն իր ուկրաինական գործընկերոջը հրավիրել է Երևան` մասնակցելու Եվրոպայի Խորհրդի շրջանականերում կազմակերպվելիք Արևելյան Գործընկերության երկրների նախարարական գագաթաժողովին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։